News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրան այս տարվա նոյեմբերին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել: Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց այդ կարեւոր այցի արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանում Բրազիլիայի քաղաքական եւ տնտեսական առաջնահերթությունները:

Բրազիլիայի ԱԳ նախարարը նոյեմբերին Հայաստան այցելեց: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար այցը առանցքային իրադարձություն դարձավ: Ինչպե՞ս կգնահատեիք այցի արդյունքները:

Դա մեզ համար անչափ կարեւոր այց էր, գլխավորապես այն պատճառով, որ բրազիլացի որեւէ նախարարի առաջին այցն էր Հայաստան, որը կարեւոր քաղաքական նշանակություն ուներ: Այն անչափ հաջող անցավ: Նախարարը անձնական մտերիմ հարաբերություններ ունի Բրազիլիայի հայ համայնքի հետ: Այցի ընթացքում ստորագրեցինք տնտեսական համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի իրականացման համար մենք արդեն աշխատում ենք 2018 թվականին Հայաստանում բրազիլական առեւտրային առաքելության բացման ուղղությամբ: Բրազիլիա նախագահ Սարգսյանի այցի ժամանակ մենք 6 համաձայնագիր ենք ստորագրել: Այդ համաձայնագրերը դեռ պետք է վավերացնի Բրազիլիայի Սենատը, եւ մենք աշխատում ենք Սենատում մեր բարեկամների հետ, որ դրանք հնարվորինս արագ վավերացվեն:

Ես Հայաստան եմ եկել ընդամենը 6 շաբաթ առաջ եւ արդեն նոր գաղափարներ ունեմ, թե ինչպես զարգացնենք բրազիլա-հայկական հարաբերությունները: Մեր նպատակը հարաբերությունների ամրապնդման խորացումն է: Խնդիրն այն է, որ բրազիլացիները Հայաստանին այնքան էլ ծանոթ չեն: Օրինակ՝ անցյալ տարի բրազիլական հեռուստատեսությունը (Globo TV) Հայաստանի մասին փաստագրական ֆիլմ ցուցադրեց, որի անմիջական արդյունքը Հայաստան բրազիլացի զբոսաշրջիկների այցելություններն էին: Հայաստան այցելելու համար բրազիլացիները վիզայի կարիք չունեն, ինչն այս երկիրը մեզ համար անչափ գրավիչ է դարձնում որպես տուրիստական ուղղություն: Տուրիզմից զատ, որը մեծ պոտենցիալ ունի, մեր նպատակն է նպաստել երկկողմ բիզնեսի զարգացմանը եւ միավորել հայ ու բրազիլացի ձեռներեցներին:

Որո՞նք են Հարավային Կովկասում եւ Հայաստանում Բրազիլիայի քաղաքական առաջնահերթությունները:

1822 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր եւ հատկապես անցյալ հարյուրամյակում Բրազիլիան վարում է խաղաղությանն ու միջազգային համագործակցությանն աջակցելու քաղաքականություն: Վերջին մեծ հակամարտությունը, որն առնչվել է Բրազիլիային, ավարտվել է 1870 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր մենք խաղաղության երկիր ենք եղել ու մեր հարեւանների հետ խաղաղ հարաբերությունների մեջ ենք: Բրազիլիան 10 երկրի է սահմանակցում: Այս պատճառով մենք խաղաղության մասին շատ բան գիտենք եւ քիչ բան՝ պատերազմի մասին: Սա է մեր քաղաքականությունը նաեւ Հարավային Կովկասում: Վերջին շրջանում Բրազիլիան աշխարհում 7-րդ կամ 8-րդ տնտեսությունն է: Սակայն մեր ռազմական հզորությունը մեծ չէ: Մեր զենքը «փափուկ ուժի» մեջ է:

Նախագահ Սերժ Սարգսյանն անցյալ տարի Բրազիլիա այցելեց եւ մասնակցեց Բրազիլիայում Հայաստանի դեսպանատան բացման արարողությանը: Դեսպանատան բացումն ինչպե՞ս է ազդել երկկողմ հարաբերությունների զարգացման վրա:

Կարծում եմ, որ Բրազիլիայում Հայաստանի դեսպանատան բացումը մեր հարաբերությունների վրա անչափ դրական ազդեցություն կունենա: Հույս ունեմ, որ սա մեր կառավարությանը կոգեւորի Երեւանում սկսել մեր նոր դեսպանատան շինարարությունը: Բրազիլիան արդեն Երեւանի կենտրոնում շատ լավ հատված ունի, նախագիծ ունենք, որը ստեղծել է բրազիլական հայտնի ճարտարապետական բյուրոն: Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք այս ծրագիրն իրականացնելու համար:

Տնտեսական կապերի զարգացման տեսակետից ո՞ր ոլորտներն են հեռանկարային: Հայաստանի ԱԳՆ կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ երկկողմանի առեւտրի ծավալը կրճատվել է: Ո՞րն է պատճառը:

Այստեղ իմ հիմնական նախագծերից մեկը Հայաստանում առաջին բրազիլական առեւտրային առաքելության կազմակերպումն է: Միայն երկրում առեւտրային առաքելություն ունենալով՝ կկարողանանք վերլուծել բրազիլա-հայկական առեւտրի իրականությունը: Այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, Բրազիլիայի հետ առեւտրի զգալի մասն իրականացվում է երրորդ երկրների միջոցով: Ապրանքները, որոնք մենք երրորդ երկրներ ենք արտահանում. օրինակ՝ կարող են հետագայում վերաարտահանվել Հայաստան: Իմ նպատակն է Բրազիլիայի եւ Հայաստանի գործարարներին միավորելը, որպեսզի մենք կարողանանք հստակ պատկերացնել՝ ինչ է տեղի ունենում մեր երկկողմանի առեւտրում եւ ինչ նոր ոլորտներ է հնարավոր յուրացնել: Ինչ վերաբերում է Եվրասիական միության հետ համագործակցելուն, ապա Բրազիլիան բանակցություններ է վարում ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի շրջանակներում՝ տարածաշրջանային ընդհանուր շուկա, որի մեջ  մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը եւ Ուրուգվայը:

Հայաստանում նկատվում է զբոսաշրջիկների հոսքի աճ: Չնայած մեր երկրները միմյանցից հեռու են գտնվում, Բրազիլիան պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ տուրիզմը զարգացնել: Տվյալներ ունե՞ք Հայաստան այցելող բրազիլացիների մասին:

Նման տվյալներ չունեմ: Այդ թիվը չենք կարող վերահսկել, քանի որ մեր 2 երկրների միջեւ վիզաներ չկան: Մենք Երեւանի փողոցներում երբեմն բրազիլացիների հանդիպում ենք: Բրազիլական պորտուգալերենը շատ յուրահատուկ է, եւ անմիջապես իմանում ես, որ խոսողը բրազիլացի է: Թվում է՝ իրարից հեռու ենք, բայց իրականում ամենեւին էլ այդպես չէ: Օրինակ՝ շատ բրազիլացիներ հիմա Ասիա են գնում Դուբայով կամ Աբու Դաբիով, եւ դա զգալիորեն ավելի շատ ժամանակ է խլում, քան Կովկասյան տարածաշրջանով մեկնելու դեպքում: Եվրոպայով Հայաստան ճանապարհորդությունը ավելի կարճ է:

Հայաստանը հրաշալի երկիր է՝ շատ համեղ ուտելիքներով եւ հոյակապ գինիով: Մարդիկ աներեւակայելի բարյացակամ են: Ես այս երկիրն արդեն սիրում եմ: Դիվանագետի իմ կարիերայի ընթացքում  18 երկրում եմ աշխատել: Եվ հավատացեք՝ գիտեմ, երբ երկիրը լավն է: Այս պատճառով կցանկանայի հնարավորինս երկարաձգել իմ այստեղի առաքելությունը: Հայկական մշակույթին ավելի լավ ինտեգրվելու նպատակով հաջորդ տարվա հունվարին ես եւ կինս՝ Սիմոնան, կսկսենք հայերեն սովորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ