News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները կշարունակեն Ասկերովի եւ Գուլիեւի թեմայի շահարկման փորձերը: Նման կարծիք է  հայտնել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիկմետ Հաջիեւի կողմից հնչեցված հայտարարությունները:

Դավիթ Բաբայանի խոսքերով՝ հնարավոր է, որ 2018 թվականին այս թեմայի շահարկումները կշարունակվեն եւ անգամ կակտիվանան: Դա պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարի Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրությունները եւ մի շարք այլ նշանակալից օրեր՝ Ադրբեջանի արհեստածին հանրապետության հիմնադրման 100-ամյակը, ղարաբաղյան հակամարտության 100-ամյակը, այս խնդրի վերջին փուլի 30-ամյակը, Հեյդար Ալիեւի 95-ամյակը:

«Հասարակության ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից շեղելու իշխանության ձգտման համատեքստում այս հարցը կարող է առանձնահատուկ տեղ ունենալ», - ասել է Դավիթ Բաբայանը:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԿԽՄԿ ներկայացուցիչները եւ ադրբեջանական կողմը գիտեն, որ նշված անձինք պահվում են նորմալ պայմաններում, նրանք պատիժ են կրում իրենց կատարած հանցագործությունների համար, իսկ դատավարությունը բաց էր: «Սակայն չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կշարունակի սադրանքները»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ