News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվակլանի սկզբին «Հայկական ճարտարապետության հետազոտությունների հիմնադրամը» «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» վերնագրով գիրք է հրապարակել այն մասին, թե ինչ է պատահել հայկական պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք գտնվում են ժամանակակից Ադրբեջանի տարածքում: Այս մասին 2017 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով՝ գրքի վերնագիրն արդեն խոսում է դրա բովանդակության մասին. գրքում ներկայացված է, թե ինչպես են պետական ծրագրով զինված ուժերի կիրառմամբ անցած 2 տասնամյակում ոչնչացվել Ադրբեջանի տարածքի հայկական հուշարձանները: «Այս ամենը տեղի է ունեցել այն նույն սցենարով, ինչ 1940-ական թվականներին Թուրքիայում»,- ասաց նա:

Գրքում ներկայացված են տեղանքի մանրամասն քարտեզներ, լուսանկարներ, որոնցում երեւում է, թե հուշարձանն ինչպիսի տեսք է ունեցել մի քանի տարի առաջ, եւ ինչպիսի տեսք ունի հիմա: Գրքի մեջ է ընդգրկված նաեւ Շամխորի շրջանի Գոլիցինո գյուղի ռուսական եկեղեցին, որը նույնպես ավերված է:

Մասնագետը հավելեց, որ գիրքը հրատարակվել է 3 լեզվով՝ Ադրբեջանին դիմակազերծ անելու նպատակով, որը փորձում է աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ երկիր:

«Սա իսկապես քարոզչական իմաստով Ադրբեջանի դիմակը պատռող մի հատոր է, որը ցույց է տալիս, թե ինչ հակամշակութային երկիր է Ադրբեջանը, եւ ինչ ծայրահեղական, վանդալական վերաբերմունք ունի հատկապես հայ մշակույթի նկատմամբ»,- ասաց նա։

Գրքի տպաքանակը 1000 օրինակ է, մոտ 40 օրինակ հիմադրամը նվիրել է ՀՀ ԱԳ նախարարությանը: Հիմնադրամից ԱԳՆ-ն գնել է եւս 60 օրինակ: Սամվել Կարապետյանի խոսքով՝ առաջին անգամ է այսպիսի բան լինում, որ ԱԳՆ-ն իրենցից գիրք գնի քարոզչական նպատակով:

Գրքի հրատարակման հովանավորն է «Մոնարխ» ընկերությունը, որին գտել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ