«Աջ ղեկ» նախաձեռնությունը հունվարի 12-ին՝ կառավարության նիստի օրը, վարչապետին կներկայացնի առաջարկությունների փաթեթը:
Իր Facebook-ի էջում նախաձեռնությունը նշում է, որ փաթեթը կկազմվի աջ ղեկով մեքենաների ներմուծողների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո: Դրանից հետո հետագա քայլերի մասին կհաղորդվի:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել աջ ղեկով մեքենաների ներմուծման եւ վերագրանցման արգելքի դեմ: Մինչ ակցիայի սկսվելը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերագրանցման արգելքի մասին դրույթը հանվել է որոշման նախագծից:
Այս դրույթը փաստացի աջ ղեկով մեքենաների սեփականատերերին զրկում էր սեփականության տնօրինումից, ինչը հակասում է քաղաքացիների սահմանադրական իրավունքներին: «Աջ ղեկ» նախաձեռնությունը ժամանակ վերցրեց ստեղծված իրավիճակի քննարկման եւ ներմուծողներին աջակցելուն ուղղված հետագա քայլերի համար:



























