Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հայտնի իր էքսցենտրիկ, հաճախ նաեւ տարօրինակ պահվածքով ու հայտարարություններով, իրեն չի դավաճանում նաեւ Նոր տարվա նախաշեմին:
NEWS.am-ը փորձեց պարոն Ղուկասյանից ճշտել, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Ամանորը: Նա մեր հարցին արձագանքեց ոգեւորությամբ՝ ինքն իր հերթին ճշտելով. «Բառերս դասլովնի ե՞ս գրելու, թե՞ կարող է ինչ որ բաներ փոխես, խեղաթյուրես: Հատիկ-հատիկ գրելու ե՞ս»: «Այո, ինչ ասեք, ինչպես որ ասեք՝ գրելու ենք»,- պատասխանեցինք:
Պարոն Ղուկասյանը համաձայնեց պատասխանեց մեր հարցերին, սակայն երբ հնչեց առաջին հարցը՝ «Ինչպե՞ս է պատրաստվում դիմավորել Ամանորը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը»՝ քաղաքապետը անկնկալ կերպով արձագանքեց. «Կներես, ես հարցազրույցին չեմ ուզում պատասխանել: Ընդհանրապես չեմ ուզում պատասխանել, երբ նման ձեւով է հարցը տրվում: Կներես, քեզ հաջողություն, աղջիկ ջան: Ես չեմ ուզում պատասխանել»: Ասաց ու անջատեց հեռախոսը՝ հընթացս բարեմաղթանքներ հղելով: Մեզ համար, սակայն, այդպես էլ պարզ չդարձավ, թե հարցի հատկապես ո՞ր մասն է, որ դուր չեկավ ու խրտնեցրեց Գյումրիի քաղաքապետին: Հավանաբար՝ պարոն Ղուկասյանը մտքին դրել է Նոր տարին դիմավորել ոչ ստանդարտ ձեւով, ուստի խուսափեց այդ մասին կիսել իր տպավորությունները NEWS.am-ի թղթակցի հետ՝ հնարավոր հետեւանքներից խուսափելու համար: Չէ՞ որ խոստացել էինք «դա սլովնի, հատիկ-հատիկ» ընթերցողին փոխանցել քաղաքապետի հետ տեղի ունենալիք զրույցը:





























