News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը 2017 թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի եւ պարտավորությունների վերաբերյալ, որոնք  Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում, իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած խնդրանքում նշում է, որ «Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Իսրայելի ժխտումը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​եւ ռազմական հարաբերությունների, իսկ վերջին տարիներին նաեւ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների հետ»:

Պրոֆ. Աուրոնի խնդրանքում, Իսրայելի տեղեկատվության ազատության օրենքի համաձայն, բացատրվում է, որ «Թուրքիան Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ուսումնական եւ ռազմական համակարգեր: Զենքի գծով գործարքները ներառում են ինքնաթիռների եւ տանկերի, ռադիոլոկացիոն եւ մոնիտորինգային համակարգերի, հրթիռների եւ զինամթերքի արդիականացում»: Ադրբեջանը եւս Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլար արժողությամբ ժամանակակից զենքեր:

2011-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, փոխարտգործնախարար Դանի Այալոնը եւ Կնեսետի կրթության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը միանշանակ կերպով բացառել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը՝ իսլամական աշխարհում Իսրայելի «գլխավոր» ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով»:

Պրոֆ. Աուրոնի նամակում նաեւ մեջբերումներ են արված «Մեր տունն Իսրայելն է» (“Yisrael Beiteinu”) աջակողմյան կուսակցության մի քանի ղեկավարներից, նշելով, որ նրանք չեն թողնելու, որ Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն է: Ի նպաստ Ադրբեջանի քարոզիչ եւ Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի խոսնակ Արյե Գուտը հաստատել է, որ «Լիբերմանը ադրբեջանա-իսրայելյան գործընկերության ճարտարապետներից է»: RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «տեսականորեն պատմական վիճահարույց հարց էր, եւ դրա ճանաչման բացակայությունը անպայմանորեն չի առնչվում Թուրքիայի հետ, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ [Իսրայելի] ռազմավարական հարաբերություններին»: Պրոֆ. Աուրոնը շեշտում է, որ այս փաստարկները շատ նման են նրանց, որոնք ժխտում են հրեական Հոլոքոստը:

Պրոֆ. Աուրոնն իր նամակում, որպես Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների օրինակ, տեղեկացնում է, որ 2016 թ. փետրվարի 26-ին «613 ծառ տնկվեց Խայիմ Վեյցմանի (Իսրայելի 1-ին նախագահ) անտառում՝ «Խոջալուի ցեղասպանության 24 ամյակի» առթիվ, 613 զոհերի հիշատակին, որին ներկա էր [Կնեսետի անդամ] Ավիգդոր Լիբերմանը: Միայն Ադրբեջանը եւ Թուրքիան են նշում այս «ցեղասպանության» միջոցառումը: Վերջին տարիներին պաշտոնական Իսրայելը դարձել է ենթադրյալ Խոջալուի ցեղասպանության պահանջի ուղղակի եւ անուղղակի սատարողը: Խոջալուի ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դաժան պատերազմի ժամանակ: Կան մի քանի վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ներառյալ զոհերի թիվը, սակայն մի հարցում միջազգային հանրությունը միակարծիք է՝ ոչ մի ցեղասպանություն, իր ընդհանուր սահմանմամբ, այնտեղ տեղի չի ունեցել»:

Պրոֆ. Աուրոնը եզրափակում է Իսրայելի կառավարությանն ուղղված իր խնդրանքը, նշելով, որ «կասկած չկա, որ Իսրայելի պետությունը ոչ միայն «առեւտուր» է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրա վերաբերյալ իր վրա իրական պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համաձայնագրերում:

Հետեւաբար, փաստաբան Մաքը հատուկ պահանջում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետեւյալ տեղեկատվությունը.

1)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման եւ պայմանավորվածության փաստաթղթերը»:

2)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»:

3) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն»:

4) «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին եւ դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո»:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆ. Աուրոնի օրինական պահանջը: Թե ամերիկյան, թե բրիտանական կառավարությունները, որոնք ներքին տեղեկատվության բացահայտման պահանջների վերաբերյալ նմանօրինակ օրենքներ ունեն, արձագանքել էին իրենց քաղաքացիների նման պահանջներին՝ հրապարակային դարձնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը: Հասկանալի է, եթե Իսրայելի կառավարությունը գաղտնիության պատճառով անընթեռնելի դարձնի գաղտնազերծված փաստաթղթերի որոշ հատվածներ՝ տեղեկատվությունը տրամադրող անձանց ինքնությունը պաշտպանելու կամ ազգային անվտանգության նկատառումներով:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի
Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին…
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին…
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են...
Բժանիա. Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են քսաներորդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել...
Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը...
Ամենաշատ