News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հանրությունն արդեն մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկում է հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ ՃՈ երկու երիտասարդ ծառայող: ԲՄՎ մակնիշի ամենագնացը խաչմերուկում հարվածել էր ՃՈ «Տոյոտա»-ին՝ դառնալով ոստիկանների մահվան պատճառ:

Հանրության բուռն քննարկումներն ու արձագանքները թեժացրել էր այն հանգամանքը, որ ԲՄՎ-ի վարորդը եղել էր քրեական հեղինակություն «Ճվճվ Արոյի» որդին, որն ինքն էլ բազմաթիվ անգամներ հայտնվել է աղմկոտ պատմություններում, ձերբակալվել, սակայն, ինչպես ասում են, ջրից չոր է դուրս եկել հայաստանյան հայտնի ավանդույթների եւ օրենքների տրամաբանությամբ: Կրակի վրա յուղ լցրեց նախօրեին հրապարակված վթարի տեսանյութը, որում երեւում է, որ ոստիկանության մեքենան կարմիր լույսի տակ է մուտք գործում խաչմերուկ: Ով է մեղավոր եւ ում մեղքով է տեղի ունեցել ողբերգությունը՝ կպարզի քննությունը, թեեւ երկու երիտասարդի կյանքը հետ բերել այլեւս հնարավոր չէ:

Այստեղ, սակայն, հարկ է անել կարեւոր մի դիտարկում եւ տարբերակել երկու հանգամանք՝ «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությունը եւ Հայաստանում հերթական ողբերգական ՃՏ պատահարը՝ մահվան ելքով: Այն, որ Հայաստանում կան տարաբնույթ հեղինակություններ, նրանց որդիներ, քրոջ որդիներ, եղբոր որդիներ եւ այլ հարազատներ, բարեկամներ, քավորներ, սանիկներ ու խնամիներ՝ հայաստանյան իրականության թարախապալարներից մեկն է, որ քայքայում է պետության առողջությունը կամ պարզապես թույլ չի տալիս պետություն դառնալ: Եվ այստեղ արդեն դաժան, ողբերգական խորհրդանշականությունն է, որ այդ, այսպես կոչված, շերտը պարբերաբար եւ դժբախտաբար նաեւ շատերի կյանքի գնով հայտնվում է տարբեր աղմկոտ պատմություններում եւ հասարակության քննարկումներում:

Մյուս կողմից՝ խնդրի այդ կողմն ունի նաեւ այլ ասպեկտ. Հայաստանում այդ շերտի գոյությունը ապահովվում է ոչ միայն իշխանության համակարգի թողտվությամբ, այդ շերտի հետ փոխադարձ կապվածությամբ եւ տարատեսակ գործարքների առկայությամբ, որոնց նպատակը ընդհանուր առմամբ համակարգի վերարտադրությունն է, այլ նաեւ հասարակական որոշակի հենարանի առկայությամբ: Պետք է ընդունել, նայելով ճշմարտության աչքերին, որ Հայաստանի հանրային միջավայրում այդօրինակ շերտերը ոչ միայն միարժեք եւ աներկբա մերժվող շերտեր չեն, այլեւ նույնիսկ շոշափելի գերակշռությամբ մերժվողներ չեն:

Այդ առումով խնդիրը իրականում չափազանց ընդգրկուն ու լայն է եւ այսօր դրսեւորվում է ՃՏՊ տեսքով, վաղը՝ որեւէ այլ պատահարի, կրակոցի, խուլիգանության եւ այլնի, իսկ խորքում, հիմքում, սակայն, ունի իր հիմնարար պատճառներն ու հիվանդության օջախները: Հանրությունը, ցավոք, ավելի շատ ժամանակ ու էներգիա վատնում է տեսարանները դիտարկելու, քան խորքային պատճառները քննարկելու վրա:

Մյուս՝ երկրորդ հանգամանքը արդեն անմիջականորեն երեւանյան կամ հայաստանյան երթեւեկության խնդիրն է: Երթեւեկություն, որը հնարավոր է առանց վարանելու բնորոշել խայտառակություն բառով, սակայն հաշվի առնելով դրա մահաբերությունը՝ կարելի է որակել ուղղակի սարսափ: Դա գուցե թվա գույների խտացում, սակայն երբ 3 միլիոնից էլ պակաս բնակչությամբ Հայաստանում ավտովթարներից ու վրաերթերից տարեկան մահանում է մոտ 300 կամ ավելի մարդ, դա դժվար է այլ կերպ բնորոշելը:

Եվ այստեղ էլ, սակայն, ամենասարսափելին թերեւս այն է, որ այդ իրողության արմատներն էլ ոչ միայն իշխանության պատասխանատվության եւ գործողությունների դաշտում են՝ ինչ խոսք, անքննարկելի առաջնային եւ անվերապահ պատասխանատվության դաշտում, այլեւ, այդուամենայնիվ, նաեւ հանրային գիտակցության, արժեքների, նաեւ վերաբերմունքի դաշտում:

Այս երկու ասպեկտները ոչ միայն հուշում են, այլեւ պարտադրում, որ առավել եւս եթե իշխանությունը կամ չի ուզում, կամ չափազանց դանդաղ է մտնում այդ հարցում պատասխանատվության դաշտ, հասարակությունը պարտադրված է հնարավորինս արագ դուրս գալ զուտ տեսարանային հանդիսատեսի դաշտից եւ լրջորեն մտածել ճանապարհային երթեւեկության սարսափելի եւ խայտառակ իրավիճակը շտկելու իր հասանելիք քայլերի մասին: Մենք առանց այդ էլ շատ կյանքեր ենք թողնում սահմաններին, թիկունքի ճանապարհներին կյանքեր թողնելու իրավունք մենք չունենք: Հասարակությունը պետք է կատարի ու նաեւ պահանջի քայլեր իշխանությունից, քայլեր ամենատարբեր ուղղություններով՝ ճանապարհային անվտանգության տեխնիկական միջոցառումներից մինչեւ կանխարգելիչ քաղաքականության ամենատարբեր քայլեր: Պետք է միարժեք ու հստակ դնել չավարտվող պատերազմին զուգահեռ ընթացող ճանապարհային այդ պատերազմը դադարեցնելու խնդիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ