News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններն այսօր` հունվարի 11-ին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Վաչե Մարգարյանին:

Պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը նշեց, որ դատարանը անաչառ եւ անկախ չէ, մեղադրանքի կողմից է հանդես գալիս:

«Մեղադրանքի կողմում եք շարունակում հանդես գալ, դատարանն առանց պատճառաբանությունների մերժել է պաշտպանական կողմի ցանկացած միջնորդություն: Բացի այդ, միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել շատ կարճ ժամանակում, մասնավորապես` ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ դատարանն ընդամենը 20 րոպեում է  որոշում կայացրել, որը գրեթե անհնարին է: Այս ամենից հետեւում է, որ դատարանը գործի ելքով կաշկանդված է, անաչառ չէ, գործի բազմակողմանի քննություն չի իրականացնում»,-ասաց նա: 

Ամբաստանյալներից Էլզա Զաքարյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ նախագահող դատավորի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ նման գործողություններ չի նկատել եւ խնդրեց ներկայացված միջնորդությունը մերժել:

Մեղադրողը ներկայացրած միջնորդությանը եւս առարկեց` նշելով, որ այն անհիմն է:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ