News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում միաձայն հավանություն տվեց ԱԺ հայտարարության նախագծին եզդիների ներկայացուցիչների դեմ ցեղասպանության գործողությունների դատապարտման մասին, որոնք բնակվել են «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ժամանակվորապես գրավված Իրաքի տարածքներում:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս հարցի քննարկումը չափազանց կարեւոր նշանակություն ունի: «Ես, իհարկե, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այս հարցը չի լուծվել խորհրդարանի նախորդ կազմի կողմից»,- նշեց Զոհրաբյանը՝ ձայն տալով ՀՀԿ կողմից պատգամավոր ընտրված ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանին:

Մախմուդյանը նշեց, որ անհրաժեշտ է նշել կոնկրետ ժամկետը, երբ տվյալ հանցագործությունը կատարվել է, եւ խնդրանքով դիմել Իրաքին՝ ընբռնումով մոտենալ հայտարարության ընդունմանը՝ այդ երկրի ինքնիշխանության հանդեպ լիակատար հարգանքի ֆոնին: Նա ընդգծեց, որ Իրաքում եզդի բնակչության ներկայացուցիչների դեմ ԻԼԻՊ ահաբեկիչների իրագործած հանցագործությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ ցեղասպանության գործողությունների դրսեւորում:

Ինչպես իր հերթին նշեց Նաիրա Զոհրաբյանը, միջազգային կոնվենցիաների համաձայն՝ ցեղասպանություն են համարվում կոնկրետ էթնիկ խմբի, ռասայի կամ կրոնական խմբի ներկայացուցիչների ֆիզիկական բնաջնջմանն ուղղված գործողությունները՝ որպես կրոնական, ռասայական կամ էթնիկ անհանդուժողականություն: Նրա կարծիքով՝ եզդի ազգի ներկայացուցիչների դեմ իրականացված գործողություններն ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանության սահմանմանը:

Իր կարծիքը հայտնեց նաեւ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ չարժի միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կատարած հանցագործություններն առանձնացնել: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է նշել այն բոլոր ահաբեկչական կազմակերպություններին, որոնց կողմից նման հանցագործություններ են կատարվել՝ անկախ ժամանակից եւ իրագործման վայրից: Նա նաեւ առաջարկեց հնարավորինս խուսափել «Իսլամական պետություն» տերմինից, քանի որ, նրա կարծիքով, այս կազմակերպությունը իսլամի հետ ոչ մի ընդհանուր բան չունի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ հայտարարության նույն նախագիծը հավանություն էր ստացել ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ