News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության այս տարվա առաջին նիստը, մեղմ ասած, տխուր եւ ձանձրալի է անցել: Կարեն Կարապետյանի որոշումը՝ Ամանորի տոներին հանգստյան օրերը կրճատելու մասին, կարծես վերաբերում է բոլորին՝ իրենից բացի: Վարչապետը մինչեւ հունվարի 12-ն արձակուրդում է լինելու: Այսօր նրա փոխարեն նիստը վարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Առանց ավանդական հանձնարարականների, սուր դիտողությունների եւ լակոնիկ հարց ու պատասխանի. կարելի է ասել՝ Վաչե Գաբրիելյանը նիստն անցկացրել է առանց «դրայվի»:

Այսօրվա կարեւորագույն որոշումն աջակողմյան ղեկով մեքենաների մասին էր: Տրանսպորտի նախարարը ներկայացրել է նախագիծը, որից պարզ է դառնում. իշխանությունները զիջումների են գնացել: Չնայած ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումն արգելվելու է, դա չի տարածվում մինչ այդ գնված մեքենաների վրա: Վահան Մարտիրոսյանի խոսքը, սակայն, համոզիչ չի հնչել, փոխվարչապետը ճշտող հարց է տվել:

Մյուս հետաքրքիր որոշումը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ներկայացրել: Հայաստանը խստացնում է տուգանքները հրավառության կանոնների խախտման համար: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հրավառության կանոնների խախտման առաջին դեպքի համար կվճարեն 1 մլն, երկրորդի համար՝ 2 մլն դրամի չափով տուգանք: Արգելվում է նաեւ հրավառությունը բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ եւ ոչ սահմանված ժամին:

Կառավարությունն այսօր նաեւ առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տարածք է տրամադրել նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպին»: Ըստ նախագծի՝ Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում լինելու է տարածաշրջանում նմանը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի եւ զվարճանքի կենտրոն: Ծրագրի համար Նուշիկյանը կծախսի 22 մլն դոլար: Կառավարության նիստից հետո Երեւանի քաղաքապետը լրագրողներին պատմել է, որ այնտեղ ջրային միջավայր է լինելու, շատրվաններ, այն եվրոպական չափանիշներին համապաստախանող լավագույն հանգստի գոտին է լինելու:

Նիստի ընթացքում որեւէ անդրադարձ վերջին օրերի թանկացումներին չի եղել: Լրագրողները նիստից հետո կառավարության անդամներին հարցրել են գնաճի մասին: Դիզվառելիքի թանկացմանը Վահան Մարտիրոսյանը նախ չի ցանկացել անդրադառնալ, ապա «ուրախացրել է» ներկաներին. տրանսպորտը մի քանի ուղղություններով կթանկանա:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ շտապել է «մխիթարել»

Էդուարդո Էռնեկյանը հեռանում է բիզնեսից. ժառանգորդն արդեն հայտնի է: Արգենտինաբնակ գործարարն ամերիկյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ իր բիզնեսն այսուհետ կկառավարի զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը: 85-ամյա գործարարը նշել է, որ ինքն էլ անգործ չի մնա. բիզնեսի նոր ուղղություններ է ուսումնասիրելու:

Երեւանում հունվարի 8-ին 2 ոստիկանի մահվան ելքով վթարի գործով այսօր կալանավորվել է «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականունով հայտնի Սարգիս Վարդանյանը: Վթարը կարծես կռվախնձոր է դարձել իրավապահ մարմինների միջեւ: «Ճվճվ Արոյի» որդիներն առաջին անգամ չէ, որ նման պատմության մեջ են հայտնվում, սակայն նախկինում նրանց նկատմամբ մշտապես «ներողամիտ են եղել»: Շատերի կարծիքով՝ վերջին ողբերգական պատահարը հենց անպատժելիության հետեւանք էր: Ի պատասխան հնչող մեղադրանքների՝ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության»-ն ասել է, որ «ոստիկանությունը մշտապես պատժել է այդ վիժվանքներին», իսկ այլ համակարգերի գործունեության մասով նման պնդումներ չի հնչեցրել, խուսափել է գնահատական տալ: Լրագրողներն այսօր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք սրանով Պողոսյանն ակնարկում է, որ անպատժելիությունը բխում է քննչական մարմիններից:

Ի դեպ, կալանքի տակ է նաեւ «Ճվճվ Արոյի» մյուս որդին՝ Սերժ Վարդանյանը: Նա մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակ ուներ, սակայն հայտնաբերվել եւ կալանավորվել է վթարից հետո միայն: Ոստիկանությունը նույնիսկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հյուրանոցից բերման ենթարկում Սերժ Վարդանյանին:

Նաիրիտ գործարանում օգոստոսի 28-ին բռկնված խոշոր հրդեհի պատճառը հայտնի է. այն աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետեւանք էր: Չնայած սրան՝ քրեական գործը կարճվել է: Գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է, որ գործը կարճվել է, քանի որ հրդեհը ծանր հետեւանքների չի հանգեցրել: Միաժամանակ, նախաքննությամբ հիմնավորվել է նշված աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը: Հենց այս խնդրով էլ Երեւանի դատախազը դիմել է նախարարներ Դավիթ Տոնոյանին եւ Աշոտ Մանուկյանին՝ թերությունները վերացնելու եւ հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում հաղթել է Հայաստանին: Նախկին արտգործնախարարը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ 2007 թվականի մայիսից սեպտեմբեր իրեն անօրինական կալանքի տակ են պահել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ Հայաստանը 2 հազար եվրո կվճարի Արզումանյանին, ինչպես նաեւ կփոխհատուցի դատական ծախսերը:

Քիմ Քարդաշյանը պոռնո ֆիլմերի հանրահայտ կայքի 2017 թվականի վարկանիշի առաջատարներից է: Կայքի տվյալների համաձայն՝ հայազգի աստղը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Եվս մեկ հետաքրքիր վիճակագրություն. Քիմի մասնակցությամբ տեսագրություն որոնողների մեծ մասը կանայք են եղել:

Դոլարը շարունակում է էժանանալ, եվրոյի փոխարժեքը կայուն է: Հունվարի 11-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 578, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 653 դրամ:

Հունվարի 12-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում վաղը գիշերը տեղումներ կլինեն, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ