News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կաշառք վերցնելու գործով կալանավորված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան:  Բանն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպանների միջնորդությունը՝  դատաքննությունը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ կետի 3 մասի սահմանադրականության հարցը որոշելու մասին: Պաշտպանները Վերաքննիչ դատարան են դիմել այն հիմքով, որ  պատշաճ կերպով եւ բավարար հիմնավորված չի եղել միջնորդության մերժումը:

NEWS.am-ի հետ զրույցում Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Արա Ղազարյանը նշեց, որ խտրականություն է, երբ այս կետով միայն դատավորն է  առանձնացվում  եւ ավելի խիստ պատժվում կաշառք վերցնելու գործով:

«Հարց է ծագում՝ ինչու է միայն դատավորն առանձնացվել մնացած բոլոր բարձրաստիճան անձանցից: Եթե օրինակ՝  ԶՈՒ պետը, կամ նախարարն  է  կաշառք վերցնում ավելի քիչ հանրային վտանգավորություն է ներկայացնու՞մ, թե  դատավորը, մեկը քաղաքական, մյուսը քաղաքացիական պաշտոնյա է: Նշանակում է  դատավորն այդ ամբողջ ցանկից ձեւական կողմով է առանձնացվել: Մենք ասում ենք, որ տարբերակված, օբյեկտիվ  պատճառ չկա»,-ասաց նա:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

Տպել
Ամենաշատ