News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչքավորի թեման այն առիթն էր, որ կրկին բորբոքեց, պայմանականորեն ասած՝ հավատացյալ քրիստոնյաների ու աթեիստների միջեւ առճակատումը Հայաստանում:

Բարեբախտաբար, այդ առճակատման մարտադաշտը առայժմ սոցիալական ցանցերն են: Բայց հաշվի առնելով, թե որքան թեժ են քարկոծում երկու կողմերը միմյանց, ամենեւին չի կարելի բացառել, որ հետագայում հակամարտությունը այլ դրսեւորումներ էլ ստանա:

Ուրեմն ո՞րն է խնդիրը: Թվում է, թե երկու կողմերն էլ կարող են ունենալ իրենց կարծիքը եւ այն չհակադրել մյուսների կարծիքին: Մինչեւ վերջին տարիները իրավիճակը հենց այդպիսին էր: Ի՞նչ փոխվեց: Թերեւս այստեղ գործ ունենք բնության հայտնի օրենքի հետ՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Եթե փորձենք վերլուծել այդ հակամարտության ժամանակագրությունը, ապա թերեւս կհամոզվենք, որ փոխադարձ անհանդուրժողականությունը սկիզբ առավ այն պահից, երբ հանրային կյանքում եկեղեցու դերակատարումը, պայմանականորեն ասած, սկսեց պարտադրվել պետության կողմից: Դրա վառ դրսեւորումներից էր մեռելոցները ոչ աշխատանքային օրեր հայտարարելը:

Առանց այդ էլ հանրության որոշակի ու բավականին լայն շրջանակներում եկեղեցու նկատմամբ արդեն սաղմնավորվում էր մի տեսակ անբարյացակամություն, որը պայմանավորված էր եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների պահվածքով, ներքաղաքական զարգացումների նկատմամբ նրանց խիստ կողմնակալ դիրքորոշմամբ: Նման վերաբերմունքը ավելի էր խորանում եկեղեցու բացարձակ անթափանցությունը, հանրային վերահսկողության իսպառ բացակայությունը այդ կառույցի ֆինանսական միջոցների գոյացման եւ տնօրինման առումով: Իսկ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների առանձին ներկայացուցիչների ցոփ կենսակերպը միայն խթանում էր անբարյացակամությունը: 

Ընդ որում եկեղեցու նկատմամբ, այսպես ասենք՝ ոչ այնքան դրական վերաբերմունք ձեւավորվում է ոչ միայն աթեիստների, այլեւ նույնիսկ նրանց մոտ, որոնք իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, չեն ժխտում Աստծո գոյությունը...:

Ուշագրավն այն է, որ աթեիստները Հայաստանում ստրուկտուրիզացված չեն, որեւէ կազմակերպության մեջ ներառված չեն, կոնկրետ ու հետեւողական գործունեություն չեն վարում, ձեւակերպված նպատակներ չունեն: Պարզապես մերթ ընդ մերթ, որեւէ առիթի դեպքում արտահայտում են իրենց կարծիքը, երբեմն նաեւ չափազանց սուր ու վիրավորական տոնով ու ձեւակերպումներով: Մյուս կողմում կանգնած է եկեղեցին իր հզոր կառույցներով, ֆինանսական միջոցներով, գույքային կարողություններով, պետական մակարդակի աջակցությամբ...: Թվում է՝ ուժերը խիստ անհավասար են, եւ եկեղեցին նույնիսկ պետք է չնկատեր, կամ առնվազն չնկատելու տար «աթեիստներին»: Բայց արի ու տես, որ եկեղեցու սպասավորների արձագանքը երբեմն ավելի սուր ու վիրավորական է, գրեթե հայհոյախառն:

Ուրեմն ո՞րն է դրա պատճառը: Թերեւս եկեղեցին որոշակիորեն  մտահոգված է իր ազդեցության կորստի հեռանկարներով: Իսկ այն, որ այդ ազդեցությունը գնալով նվազում է, պարզապես ակնհայտ է: Եվ եկեղեցին այդ ազդեցության նվազումը փորձում է կանխել պետության միջոցով՝ պետական լծակներով իրեն հանրությանը պարտադրելով:

Մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ գրեթե միջնադարյան ստանդարտներով գործող մեր եկեղեցին պետք է փորձի արմատապես բարեփոխվել, պատկերավոր ասած՝ դառնա ժամանակակից, բաց, թափանցիկ, հանրության վերահսկողության ներքո գործող կառույց: Կառույց, որը ոչ թե պետք է իրեն պարտադրի հանրությանը, այլ գրավիչ լինի նրա համար, ձգի դեպի իրեն: Կառույց, որը չպետք է ֆինանսական եւ գույքային կարողությունների մեծացումը դիտարկի որպես ազդեցության լծակների հզորացում: Քանի դեռ եկեղեցին իր դերը 21-րդ դարում տեսնում է դրա մեջ, ակամայից խթանելու է «աթեիզմը»: Բնության օրենքներից է՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն:

Հ.Գ. Կրոնի ազդեցության նվազումը որակապես զարգացող հասարակություններում բնական գործընթաց է: Ըստ որոշ տեսությունների, եթե որեւէ հասարակությունում կրոնի ազդեցությունը գնալով մեծանում է, ուրեմն տվյալ հասարակությունը որակական առումով հետընթաց է ապրում կամ առնվազն չի զարգանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Ամենաշատ