Լեհաստանում այս շաբաթ վերսկսվել են հղիության դադարեցման մասին քննարկումները: Երկրի խորհրդարանում քննարկվել է այս թեմայով երկու քաղաքացիական օրինագիծ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նախագծերից մեկը՝ «Փրկենք կանանց 2017»-ը, հնարավորություն էր տալիս կանանց ինքնուրույն որոշում կայացնել մինչեւ հղիության 12-րդ շաբաթը: Երկրորդ նախագիծը՝ «Կանգնեցրու աբորտը», հակառակ բովանդակությունն ուներ: Այն երկրում հղիության դադարեցման լիակատար արգելք էր նախատեսում: Սեյմում (խորհրդարանի ստորին պալատ) այս օրենքները քննարկվել են պատգամավորների կողմից, իսկ խորհրդարանի շենքի դիմաց պաստառներեվ հավաքվել էին երկու որոշումների կողմնակից քաղաքացիները:
Արդյունքում, առաջին ընթերցմամբ լիբերալ օրինագիծը մերժվեց, եւ դրա հակատիպը վերանայման նպատակով փոխանցվեց մշտական հանձնաժողովներին: Այս երկու որոշումներն էլ, ըստ էության, ընդունվել էին Լեհաստանի նույն՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Օրենք եւ արդարություն» կուսակցության կողմից: