News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին եւ շիկացնում մթնոլորտը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեեւ ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձեւաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում եւ բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:

Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, եւ պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ եւ, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը եւ բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:

Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարեւոր: Պետք է նոր եւ ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, եւ այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ եւ անցնցում ընթացքը:

Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական եւ քաղաքական գործընթացների կենտրոնական եւ հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլեւ մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաեւ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:

Կարեւոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձեւավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա եւ ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:

Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության եւ փոքրամասնության երկխոսության եւ համատեղ աշխատանքի կարեւոր հարթակ: Այս առումով, ինչպես եւ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ եւ սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին եւ շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման եւ աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետեւողականությունը եւ համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը եւ փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ