News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարեւորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է նաեւ, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների եւ փորձագետների ներգրավմամբ։

Հանրապետության Նախագահը կարեւորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ