Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը, որն այժմ պատիժը կրում է բաց ռեժիմով, ազատ կարձակվի ամենաուշը 3 ամսից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանը` հավելելով, որ խոսակցությունները, որ նախագահը իրեն ներում է շնորհելու, չեն իրականացել:
«Ինձ ասել են 2 կամ ամենաուշը 3 ամսից ազատության մեջ կլինեմ: Հիմա էլ պատիժս բաց ռեժիմով եմ կրում, նույնիսկ աշխատանք ունեմ, էլեկտրիկ եմ աշխատում»,- ասաց նա:
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, սակայն դեռ բուժումներ չի ստանում: Նախատեսում է ազատ արձակվելուց հետո զբաղվել առողջական խնդիրներով:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար: