News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի մահվանից 1,5 տարի անց դեռեւս ոչ մի հանգամանք չի պարզվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«2016 թվականի հուլիսի սկզբին զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է Արսեն  Մխիթարյանի դին` հրազենային մահացու վնասվածքով: Դրանից հետո 8-րդ կայազորային քննչական բաժնում  իրականացվել է նախաքննության սկզբնական փուլը: Տուժողի հարազատների մոտ անվստահություն է առաջացել վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ եւ մեր կողմից գլխավոր դատախազին բացարկ է ներկայացվել ուղղված վարույթն իրականացնող մարմնին եւ դատախազի որոշմամբ գործի վարույթը փոխանցվեց քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերի վարչություն, որտեղ էլ 1 տարի տեղի ունեցավ այդ գործի նախաքննությունը»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ այդ ընթացքում իրենք բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Նարայր Նորիկյանի խոսքով` իրենք վարույթն իրականացնող մարմնին նաեւ ներկայացրել են զորամասի  հրամանատարական կազմից անուններ, նաեւ բարձրաստիճան զինվորականի անուն, որոնք հավանական կապ ունեն Արսեն Մխիթարյանի ողբերգական մահվան հետ:

«Քանի որ հիմա նախաքննություն է ընթանում, այս պահին չենք կարող հրապարակել այդ անունները, սակայն այդ անունները մենք ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը նշեց, որ բազմաթիվ միջնորդություներ են ներկայացրել  փորձաքննություններ անցկացնելու համար, որոնք ֆորմալ առումով բավարարվել են, սակայն իրականում ոչ մի արդյունք չեն տվել:

«Քննիչը նաեւ հետմահու դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն էր նշանակել  2017 թվականի  օգոստոս ամսին, սակայն 5 ամիս անց, փորձաքննությունների ազգային բյուրոն, որին հանձնարարված է եղել այս փորձաքննությունը գրություն է ուղարկել վարույթն իրականացնող մարմնին, որ այդ փորձաքննությունը կարող է իրականացնել 2018 թվականի ապրիլից հետո: Ինչը, իմ կարծիքով խայտառակություն է»,-ասաց փաստաբանը:

Տուժողի իրավահաջորդն ու պաշտպանը այս հանգամանքը բողոքարկել են գլխավոր դատախազին, ինչից հետո քննիչը որոշել է, որ այլ փորձագիտական մարմին պետք է իրականացնի նշանակված համալիր փորձաքննությունը:

«Գործի այս ձգձգումը, որեւէ հագամանք մինչեւ հիմա չբացահայտելը, նաեւ որեւէ մեկին մեղադրանք չառաջադրելը տուժող կողմի մոտ  առաջացել  է համոզմունք, որ խնդիր է դրված գործը չբացահայտելու, կամ քննությունը ուրիշ ուղղությամբ տանելու միտում»,-ասաց Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը նշեց, որ սպառել են ատյանները, որոնց հնարավոր էր բողոքակել գործի  արդար քննություն իրականացնելու պահանջով: Նորայր Նորիկյանը կարծում է, որ այս ամենը պետության անգործության հետեւանք եւ ակնկալում է, որ գոնե հետագայում բարեխիղճ քննություն կիրականացվի:

Նշենք, որ Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ըստ ՔԿ տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Տպել
Ամենաշատ