News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ոստիկանության թանգարանն անցյալ տարի նշեց իր 40-ամյակը: Անցած 4 տասնամյակի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվել է, թանգարանը քանիցս տեղափոխվել է, որոշ ժամանակով գործունեությունը նույնիսկ դադարեցրել է: Թանգարանի ցուցադրանմուշների մասին NEWS.am-ի ընթերցողներին պատմում է առաջատար մասնագետ, իրավապահ մարմիններում աշխատանքի 36-ամյա փորձ ունեցող պահեստի գնդապետ Դավիթ Հովսեփյանը (ֆոտոռեպորտաժ): 

Թանգարանի ստեղծմանը նախորդել է մի քանի տարվա նախապատրաստական աշխատանքը, իսկ այդ ժամանակ ՀԽՍՀ միլիցիայի թանգարանի ստեղծման գաղափարը առաջ է քաշել այդ տարիների ՆԳ նախարար Վլադիմիր Դարբինյանը: Գաղափարն իրականացվել է 8 տարի հետո, երբ 1977 թվականի նոյեմբերի 10-ին՝ խորհրդային միլիցիայի օրը, թանգարանը բացվել է միլիցիայի դպրոցին կից: Թանգարանի առաջին ղեկավարն է եղել միլիցիայի փոխգնդապետ Էդիկ Մնացականյանը՝ Վետերանների խորհրդի նախագահը: Անկախության առաջին տարիներին թանգարանի գործունեությունը սահմանափակված էր, իսկ 2010 թվականին առաջարկվել է թանգարանի աշխատանքը վերականգնել: 2015-ի մայիսի 8-ին թանգարանը աշխատանքը վերականգնել է՝ իրադարձությունը նվիրելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Վերջին 2,5 տարում թանգարան է հաճախել մոտ 1500 այցելու:

Թանգարանը կազմված է 6 թեմատիկ մասից: Ինչպես պահանջում է ժամանակագրությունը, սկսվում է պատմական Հայաստանից: Այս ժամանակահատվածը ներկայացված է հագուստի պատճենով, որը հագել են ոստանիկները՝ արքայի պահապանները: Վարկածներից մեկի համաձայն՝ «ոստիկան» բառն առաջացել է «ոստանիկ» բառից: Որպես հավատարմության օրինակ ներկայացված է ոստանիկ Դրաստամատը՝ իտալացի նկարիչ Ջուլիանո Ջասոյի նկարում: Թագավորին եւ պետությանը հավատարմության եզակի օրինակը ոստանիկ Դրաստամատն իր մեջ կոփել է գերեվարված Արշակ արքայի ինքնասպանությունից հետո:

Մինչհեղափոխական ժամանակաշրջանը ներկայացված է հին լուսանկարներով, լրագրերի կտրածոներով, փաստաթղթերի պատճեններով: Այն ժամանակներում ոստիկանության գործառույթները դրված էին կազակների վրա: Ուշագրավ է, որ Ալեքսանդր 2-րդ ցարի օրոք ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր հայազգի Միխայիլ Տարիելի Լորիս-Մելիքովը: Նախարարի լիազորությունների ընդլայնումը նրան թույլ է տվել ազդել Ռուսաստանի ամբողջ ներքին քաղաքականության վրա: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարարն է եղել Արամ Մանուկյանը (1919 թ.), որը 1915-ին ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, ում դիմել են Արամ փաշա անվանումով: Վանի ինքնապաշտպանության ընթացքում Մանուկյանի ջանքերով ոստիկանության ջոկատներ են ստեղծվել:

Կողքին Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիների եզակի լուսանկարներն են՝ ներկայիս Հանրապետության հրապարակում միլիցիայի վարչության նախկին շենքը, Կարմիր բանակի մուտքը Երեւան, Թուրքիայից եւ Պարսկաստանից ներթափանցած ավազակախմբերի դեմ պայքարը: Բանդիտների դեմ պայքարում զոհված միլիցիոներների ցանկը, այն տարիների իրավական ակտերի պատճենները, համազգեստի նմուշներ: Այն տարիներին  միլիցիոներների հիմնական համազգեստը զինվորական համազգեստն էր եւ շինելը, իսկ ոտքերին հաճախ կարելի էր տեսնել փաթաթաններ եւ տրեխներ, այսինքն՝ մարդիկ գրեթե բոբիկ էին աշխատում: Լենինի խոսքով պաստառ՝ այն մասին, թե ժողովրդին ինչպիսի միլիցիա է պետք, «երկաթե Ֆելիքսի» եւ «երկաթե Գեւորգի»՝ ֆելիքս Ձերժինսկու եւ Գեւորգ՝ Աթարբեկյանի՝ Անդրկովկասի ՎՉԿ-ի նախագահի դիմանկարները:

20-40-ական թվականների լուսանկարներն ու փաստաթղթերը պատմում են հետեւողական աշխատանքի, երկրի շինարարության մեջ մասնակցության մասին: Այն տարիների վառ օրինակներից մեկը միլիցիոներ Անդրեյն է: Չնայած 4-րդ դասարանի կրթությանը, Անդրեյը հռչակվել է որպես անկաշառ եւ ազնիվ միլիցիոներ: Նրա հետ շատ երգիծական պատմություններ են կապում: Դրանցից մեկի համաձայն՝ Աստաֆյան փողոցում ավանակն ընկել է տրամվայի տակ, իսկ հետաքրքրասերների խումբը թույլ չի տվել դեպքի վայրի զննություն կատարել: Անդրեյը խնդրել է մնալ տուժողի հարազատներին, մյուսներին դեպքի վայրը լքել:

Հայաստանից ավելի քան 300 միլիցիոներ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Նրանց թվում է կամավոր ճակատ մեկնած Տաթեւից պարեկապահակակետային ծառայության աշխատակից Սուրեն Առաքելյանը, որը կրկնել է Ալեքսանդր Մատրոսովի եւ Հունան Ավետիսյանի սխրանքը: Նա հետմահու արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: ԽՍՀՄ հերոսներ են նաեւ Այդին Հարությունյանը (պատերազմից հետո եղել է Երեւանի Պետավտոտեսչության պետը), պատմության ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանը (պատերազմից հետո եղել է ներքին զորքերի շտաբի պետը), Սուրեն Պետրոսյանը (աշխատել է պատժիչ համակարգում): Պատերազմից հետո հենց նախկին մասնակիցներն են համալրել ոստիկանության շարքերը:

Թանգարանում տարբեր տարիների լուսանկարների եւ փաստաթղթերի շարքում ներկայացված են Շպագինի ատրճանակ-գնդացիր, պարաբելլում (1916 թ. ավստրիական արտադրության), նագան, «Թոմսոն»:

Ամեն տարի ռուսաստանցի գործընկերների հետ անցկացվում են համատեղ կոլեգիաներ: Անցյալ տարի այն անցկացվել է Վոլգոգրադում: Այնտեղ ստացած նվերը, Ստալինի՝ «Ոչ մի քայլ հետ» հրամանը փոխանցվել է թանգարանին:

Ներկայացված են միլիցիայի գեներալ-մայոր, հայտնի հայ կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի լուսանկարները, Մարտիրոս Սարյանի 1961 թվականի նամակը միլիցիայի աշխատակիցներին:

Միլիցիայի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են Երեւանի մետրոպոլիտենի կառուցմանը եւ Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը:

Առանձին վահանակ է նվիրված ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհված միլիցիոներներին: Ավելի քան 200 միլիցիոներ իրենց կյանքն են տվել հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ