ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած փուլային մոտեցումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փաթեթային կարգավորում:
«Խոսքը վերաբերում է փուլային իրականացմամբ փաթեթային կարգավորմանը, որի մասին համանախագահները բազմիցս հայտարարել են, ինչպես նաեւ շփման գծի իրավիճակի, մենք այս հայտարարությունը ողջունում ենք: Սրա մեջ է միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների մեծացման առաջարկների էությունը»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սերգեյ Լավրովը 2017 թվականին ռուսական դիվանագիտական աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամենամյա մամուլի ասուլիսում նշել էր, որ Մոսկվան կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակն ավելի խաղաղ դարձնելը: «Կարծում եմ, որ հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում (Լեռնային Ղարաբաղում), այնուամենայնիվ, ավելի խաղաղ լիներ, ինչը կօգներ քաղաքական կարգավարմանն անցնելուն»,- հայտարարել էր Լավրովը: «Այս խնդիրը մեկ փաստաղթով չես լուծի,- վստահ է ՌԴ ԱԳ նախարարը: - Փուլային մոտեցում է հարկավոր, որը կարտացոլի այս պահին հնարավոր համաձայնությունը եւ կորոշի այն հարցերի ուղղությամբ աշխատանքի ճանապարհները, որոնք լրացուցիչ քննարկումներ են պահանջում վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեռքբերումների շահերի շրջանակում»: Նա նշել էր, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագետներն իրականացրել են ինտենսիվ եւ պարբերական աշխատանք: Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի կարող այս հակամարտության կոնկրետ ծրագրեր ունենալ, «քանի որ խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք»: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գործընթացի մյուս մասնակիցների հետ նման կարգավորման համար պայմաններ է ստեղծում՝ համեմատելով կողմերի դիրքորոշումները համընկնող մոտեցումներ գտնելու համար եւ ձգտելով «հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել այն հարցերում, որոնցով մինչեւ հիմա տարաձայնություններ ունեն»: «Մենք սպասում ենք, որ 2 երկրներից էլ ինչ-որ դրական ազդակներ կստացվեն»,- հավելել էր նա: