News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Շարքային քաղաքացի գոյություն չունի, անկախ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի շարքային. շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ պետք է շարքային դառնան: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հայաստանում գործող քաղաքացիական օրենսգրքի համաձայն, Հայաստանի համայնքներն իրավահավասար են քաղաքացիների հետ իրավահարաբերություններում, բա ո՞վ պետք է խոսի պետության կարգապահության մասին: Այսօր հանրապետական նշանակության ճանապարհներ կան, որ մինչեւ Երեւանից հասնում ես այդ բնակավայր, մեքենային իր բժշկի մոտ պետք է տանես, դու էլ դիմես քո սեփական բժշկին, որովհետեւ ներքին օրգաններդ խառնվում են իրար: Խոսում ենք լուսավորության, ճանապարհային նշանների մասին, իսկ ճանապարհների վիճակի մասին մոռանում ենք: Ես ուզում եմ կառավարության ուշադրությունը սեւեռել այդ հարցի վրա, կարո՞ղ է մի օր մի նախագիծ բերեք, որը քաղաքացիների համար մի լավ բան կսահմանի, ոչ թե անընդհատ տուգանք, պատիժ, հարկադրանք եւ այլն»,-հայտարարեց նա:

Իր հերթին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Տուրիստը եթե պետք է Երեւանից ճամփորդի Մեղրի, մի տեղ չի կարող կանգնել ու զուգարանից օգտվել, կամ մի բաժակ ջուր խմել քաղաքակիրթ պայմաններում: Այսինքն մենք ավտոկանգառների մշակույթը պետք է ներդնենք, որովհետեւ չի կարելի 400-500 կմ գնալ առանց ավտոկանգառի հնարավորության: Դա չպետք է լինի վճարովի եւ միայն ունեւոր քաղաքացիների համար: Դրանք պետք է լինեն հանրային զուգարաններ, հանրային հանգստի վայրեր: Կարող են լինել նաեւ շքեղ պայմաններ, որոնք կլինեն միջոցներ ունեցող տուրիստների համար»:

Նա դեպք պատմեց, որ Գերմանիայի ճանապարհներով երթեւեկող ավտոբուսի վարորդին տուգանել էին նրա համար, որ ասենք 200 կմ ճանապարհը անցել է առանց հանգստի. «Ասել են՝ պարտավոր էին կանգնել, որ ուղեւորները մեկ ժամ հանգստանային, նոր շարուննակեիր: Մենք պետք է այդ փորձը կիրառենք մեզ մոտ: Ժամանակն է, որ մենք կարգավորենք ճանապարհորդելու կոլւտուրան, եւ հագեցած լինեն ճանապարհները նշաններով»,-ասաց նա:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել էր, որ օրինագծի նպատակն է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ապօրինի գովազդային վահանակների եւ ճանապարհային նշանների տեղադրման կանխարգելումը եւ տուրիզմի խթանումը. «Նախագծով հստակեցվել են ճանապարհներին գովազդի տեղադրման խախտումներն ու դրանց տուգանքների չափերը, ճանապարհներից օգտվելու կանոնները խախտելու համար պատասխանատվությունը: Տուգանքներ են սահմանվել ճանապարհներին առանց թույլտվության կրպակների ու տաղավարների տեղադրման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ