«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են բացառությունները, երբ օտարերկրացին կարող է ձեռք բերել ՀՀ-ում հող: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, 2015 թվականին ընդունված Սահմանադրության 60-րդ հոդվածում նշված է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հիմա Հողային օրենսգրքով սահմանվում են այն բացառությունները, երբ օտարերկրացին կարող է ձեռք բերել ՀՀ-ում հող։
«Մասնավորապես, նրանք հատուկ կարգավիճակ ունեցող անձինք են, նաեւ տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան սեփականատեր կարող են լինել օտարերկրյա քաղաքացիները: Սակայն գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր չեն կարող լինել:
Մեր օրենսդրությամբ սահմանված չէր մեխանիզմը, թե ինչ է լինում, երբ ՀՀ քաղաքացին օրինական հիմունքներով ձեռք է բերում հող, սակայն հետագայում զրկվում է ՀՀ քաղաքացիությունից, կամ լրանում է հատուկ կարգավիճակի 10 տարին ու նա չի երկարացնում: Այդ դեպքում՝ փաստորեն նրան է պատկանում մի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել: Այստեղ մենք սահմանում ենք, որ սեփականության իրավունքի դադարման հիմքը ծագելու պահից նա պետք է մեկ տարվա ընթացքում վաճառի այդ գույքը, իսկ եթե չի վաճառում կամավոր, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի համաձայն գույքի հարկադիր վաճառքով զբաղվում է արդեն դատարանը: Կամ եթե տեղական մարմինը ցանկանում է այդ գույքը գնել, ապա վճարվում է տվյալ անձին հողի գինը եւ այն դառնում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփականություն»,-ընդգծեց փոխնախարարը:



























