News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա առաջին քառօրյան: Քննարկումների գլխավոր թեման թանկացումներն են եղել: Նիստի մեկնարկին Արա Բաբլոյանը հայտարարել է, որ հունվարի 23-ին խորհրդարանական լսումներ են անցկացվելու. քննարկելու են թանկացումների պատճառներն ու գնաճը մեղմելու հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է. ճի՞շտ հասկացավ, որ լսումները հանրապետության նախագահի հանձնարարականով են կազմակերպվում:

Էդմոն Մարուքյանն էլ տարակուսել է, որ խորհրդարանական մեծամասնությունը զարմացած է թանկացումներից եւ միայն հիմա է որոշել անդրադառնալ խնդրին: Պատգամավորն առաջարկում է Հարկային օրենսգիրքն օրակարգ բերել եւ փոփոխություններ կատարել դրանում: Իսկ Արամ Սարգսյանին օրենսգիրքը «Չարի վերջն» է հիշեցրել: Թանկացումների հարցով լսումների նախաձեռնությունը «Ելք»-ն անիմաստ է համարում: Փոխարենը խմբակցության պատգամավորները ժողովրդին կոչ են անում հունվարի 19-ին փողոց դուրս գալ եւ մասնակցել իրենց կազմակերպած երթին, որովհետեւ, Մարուքյանի խոսքով, խորհրդարանական հարթակում խնդրի մասին բարձրաձայնելու բոլոր ուղիները սպառվել են: Պատգամավոր Սեյրան Սարոյանը փողոց դուրս գալը լավ գաղափար չի համարում:

Լրագրողները Սարոյանին նաեւ հարցրել են Վիգեն Սարգսյանի նախաձեռնության մասին. պաշտպանության նախարարը միացել էր վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ ինքն է խորհուրդ տվել Դալլաքյանի ընտանիքին դրամահավաք սկսել եւ բոլորին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը: Սա քննադատության ալիք էր բարձրացրել: Սեյրան Սարոյանը Վիգեն Սարգսյանի պաշտպանի դերն է ստանձնել եւ հորդորել է հանգիստ թողնել երիտասարդ նախարարին: Նիկոլ Փաշինյանն էլ վիրավոր զինվորի համար հանգանականություն նախաձեռնելու՝ նախարարի որոշումը տարօրինակ է համարում:

Հայաստանի նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին: Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ արդեն այս շաբաթ Հանրապետական կուսակցությունը կսկսի քննարկել նախագահի թեկնածուի հարցը:

Հավելենք, որ Ազգային ժողովն այսօր նաեւ ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագիծ է քննարկել: Էդուարդ Շարմազանովը խորհրդանշական է համարում, որ հարցը քննարկվում է հենց այս տարի:

Վրաստանում հայ գործարար է հարձակման ենթարկվել: Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են 31-ամյա Արթուր Սուքիասյանի վրա եւ խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել՝ շուրջ 12 հազար դոլար: Տուժածը Հայաստանի քաղաքացի է, Վրաստանի Գուրիայի շրջանում մի քանի խանութ ունի: Սուքիասյանին հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մասնագետների մշտական հսկողության ներքո է: Ըստ տեղեկությունների՝ Արթուր Սուքիասյանի վրա դիմակավորված երկու տղամարդ հարձակվել են շենքի մուտքում, բութ առարկայով հարվածել գլխին եւ հափշտակել գումարը: Ենթադրյալ չարագործներին դեռեւս չեն հայտնաբերել:

Պերմի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակով զինված երկու դեռահասներ ներխուժել են դասասենյակներից մեկն ու հարձակվել ուսուցչի, ապա նաեւ աշակերտների վրա: Միջադեպի հետեւանքով ուսուցիչն ու 11 աշակերտներ հիվանդանոց են տեղափոխվել: Տուժածների թվում նաեւ ազգությամբ հայ աշակերտ կա՝ 10-ամյա Մենուա Աբրոյանը: Միջադեպի մեղավորները ձերբակալված են: Ըստ տեղեկությունների՝ պատանիներից մեկը նախկինում հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում:

Թուրքիայում անչափահասների մասնակցությամբ պոռնոֆիլմ ներբեռնելու կասկածանքով հայ երիտասարդ է ձերբակալվել: Պոռնոֆիլմի ներբեռնումը ֆիքսել է ամերիկյան մի կազմակերպություն եւ համակարգչի IP հասցեն տրամադրել թուրքական ոստիկանությանը: Իրավապահները ձերբակալել են Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորող 24-ամյա ուսանողի. նա Հայաստանի քաղաքացի է: Հայկական կողմը փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Ստամբուլի փողոցներից մեկը վերանվանվել է հայտնի հայ լուսանկարչի անունով. Բեյօղլուի Թոսբողա փողոցն արդեն պաշտոնապես Արա Գյուլերի անունն է կրում: «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, որին նաեւ «Ստամբուլի աչք» են կոչում, լրագրողական գործունեությունը սկսել է 1950-ին, Ստամբուլի պարբերականներից մեկում: Լուսանկարիչը բազմաթիվ մրցանակների եւ տիտղոսների է արժանացել Թուրքիայում եւ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Արա Գյուլերը լուսանկարել է մի շարք հայտնի քաղաքական գործիչների, արվեստագետների, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլին, Առնոլդ Թոյնբիին, Պիկասոյին, Դալիին եւ այլոց:

Մոսկվայում վախճանվել է քաղաքական գործիչ, գիտնական Միխայիլ Մինասբեկյանը: Նա 84 տարեկան էր: Մինասբեկյանը Հայաստանի ավիացիոն արդյունաբերության հիմնադիրն էր, «Արմավիակոմպլեքս» արդյունաբերական միավորման հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, Ռուսաստանի բնական գիտությունների  եւ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիաների ակադեմիկոս: Գիտնականին հողին կհանձնեն Հայաստանում:

Վերին Լարսը նորից փակվել է: Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հյուսիսային Օսիայից էլ հաղորդում են, որ ռուսական կողմում 267 տրանսպորտային միջոց կա կուտակված, որից 210-ը բեռնատար, 57-ը՝ մարդատար մեքենաներ են: Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ չկան, բայց որոշները դժվարանցանելի են: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Գորիս-Կապան հատվածում մառախուղ է:

Հունվարի 15-ին դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 666 դրամ:

Հունվարի 16-ին հանրապետության առանձին շրջաններում թույլ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն, գիշերը՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ