News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում եւ խաղատուն այցելելու սահմանափակումներ մտցնել որոշ անձանց համար:

Օրինագիծը ներկայացնող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ առաջարկում են, որ ոլորտը կարգավորող լիազոր մարմնի (ֆինանսների նախարարություն) որոշումով ստուգվեն խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

«Գործող օրենսդրությամբ, մինչեւ 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մտնել խաղատան տարածք, խաղադրույքներ կատարել, սակայն մենք որեւէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը ինքը հսկի տարածքը եւ պատասխանատվություն կրի դրա համար: Հիմա սահմանում ենք, որ անձնագիրը պետք է ստուգվի»,-ասաց նա:

Բացի այդ, առաջարկվում է, որ եթե անձը դատարանի վճռով մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ է ճանաչվել, լիազոր մարմինը՝ ֆիննախը, պետք է վարի տվյալների բազան եւ այդ մարդկանց մուտքն արգելվի խաղատունը:

Մարուքյանը նաեւ նշեց, որ իրենք եւս մի դրույթ էին նախատեսել, որը կառավարության հետ քննարկելուց հետո հանել են, սակայն հետագայում նորից կառաջարկեն. «Խոսքը հետեւյալի մասին է. անձը եթե ունի թուլություն՝ գնալ խաղատներում գումարներ տանուլ տալ, բայց հետո գիտակցում է, որ իրեն ու իր ընտանիքին ծանր վիճակի մեջ է դրել, մենք առաջարկում էինք, որ նա հնարավորություն ունենա գնալ ֆինանսների նախարարություն, հայտարարություն տալ, որ ինքն իրեն արգելում է մուտք գործել ՀՀ տարածքում ցանկացած խաղատուն: Դրանից հետո նրան թույլ չէին տա մուտք գործել խաղատուն ու պարտվել»:

Մարուքյանը նշեց, որ կառավարությունը դեմ է եղել այդ առաջարկին, որովհետեւ ասում են՝ անձն իրավունք չունի ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչել:

ՀՀԿ խմբակցության պտգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ խաղատան շահերից չի բխում, որ պահպանեն օրենքը եւ թույլ չտան մարդկանց մուտք գործել ու խաղալ, Մարուքյանն արձագանքեց. «Կա լիազոր մարմին, կան մարդիկ, որոնք հսկողություն են իրականացնում: Հիմա կարող ենք հետեւել նաեւ օրենքի կիրարկման ընթացքին: Եթե խաղատան կազմակերպիչներն օրենքը կխախտեն, պատասխանատվությունը վրա կհասնի: Յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար դրամի չափով կարող է տուգանվել խաղատան կազմակերպիչը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ առաջարկեց խստացնել տուգանքը՝ առաջին խախտման դեպքում 2 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 5 մլն, երրորդի դեպքում 10 մլն դրամ, իսկ դրանից հետո երկու տարով զրկել լիցենզիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ