Տեղեկատվական համակարգերի աճող բարդությունը մեծացնում է ահաբեկիչների կողմից կիբերզենքի օգտագործման վտանգը, ինչի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը բոլոր երկրներին կոչ է արել ակտիվացնել թվային տիրույթում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:
Ելույթ ունենալով Գայդարյան ֆորումի ժամանակ` ՌԴ վարչապետը նշել է, որ տեղեկատվական համակարգերում նույնիսկ փոքր անսարքությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ կորուստների:
«Ի տարբերություն մարտական ավիացիայի, սուզանավային նավատորմի եւ հրթիռամիջուկային զենքի՝ կիբերզենքը մասշտաբային արդյունաբերական բազա չի պահանջում, հետեւաբար, ահաբեկչական կազմակերպությունների կողմից դրա օգտագործման ռիսկը բազմապատկվում է»,- նշել է Մեդվեդեւը: Ակնհայտ է, որ նոր պայմաններում թվային տիրույթում անվտանգության ապահովման համար բոլոր երկրներից ավելի մեծ ջանքեր եւ պետությունների միջեւ ավելի սերտ համաձայնեցվածություն է պահանջվում, վստահ է ՌԴ վարչապետը: