News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախում ժամկետային զինծառայող է մահացել: 20-ամյա Հարություն Խաչատրյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռեւս չպարզված հանգամանքներում: Որոշ տեղեկություններով, սակայն, զինծառայողն ինքնասպան է եղել: Խաչատրյանն Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր, մի քանի ամսից զորացրվելու էր: Համագյուղացիները մեր թղթակցին նաեւ ասել են, որ Հարությունի հայրը զինվորական է: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունվարի 18-ին նորից կհանդիպեն: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն այս անգամ կկայանա լեհական Կրակովում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Վերլուծաբանները, սակայն, առաջիկա հանդիպման հետ մեծ հույսեր չեն կապում՝ կարծիք հայտնելով, որ այն բեկում կամ էական առաջընթաց չի ապահովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. նախադրյալներ չկան: Առավել եւս, որ անտեսվում են նույնիսկ նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Փորձագետների կարծիքով՝ այս տարվա ամենամեծ ձեռքբերումը կլինի, եթե միջնորդները կարողանան կողմերի հետ համաձայնության հասնել մեխանիզմների ներդրման հարցում:

Երեւանի երթուղային տաքսիների վարորդներն այսօր գործադուլ էին հայտարարել: Հարավ-արեւմտյան թաղամասում նրանք փողոց են փակել եւ բողոքել վառելիքի թանկացման դեմ: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խ.մ.-ի համար դարձել է 25 հազար դրամ՝ նախկին շուրջ 8 հազար դրամի փոխարեն: Արդյունքում վառելիքի սակագինը բարձրացել է, իսկ գծատերերը, վարորդների հավաստմամբ, հրաժարվում են նվազեցնել «օրվա պլանի չափը», եւ հիմա իրենք չեն կարողանում ընտանիք պահել:

Վարորդների հետ հանդիպման է գնացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը: Լրագրողների հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանն ասել է՝ գազի սակագնի բարձրացումը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ:

Քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանն էլ գործադուլավորներին հորդորել է դադարեցնել բոյկոտն ու գործի անցնել՝ խոստանալով գծատերերի հետ քննարկել հարցն ու լուծում գտնել: Վարորդներից մեկը հեգնել է. էլի բարձ եք դնում մեր գլխի տակ: Նշենք, որ ցույցի էին դուրս եկել 44, 42, 75Ա, 35, 1 համարների երթուղայինների վարորդները: Գծատերերից մեկը շտապել է գործադուլավորների հետ հանդիպման ու, մեղմ ասած, մուննաթ եկել բոյկոտի համար: Հավելենք, որ վառելիքի թանկացումը որոշ չափով ազդել է նաեւ տաքսի ծառայությունների գնի վրա: Այս օրերին հատկապես անհատ տաքսի ծառայություն մատուցողները բարձրացրել են, այսպես ասած, «մինինալ» ուղեվարձը՝ 600 դրամից հասցնելով 700-800 դրամի:

Ազգային ժողովն այսօր 91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայնով ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագիծը: Ի դեպ՝ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ խորհրդարանի բոլոր խմբակցությունները հանդես էին եկել որպես նախագծի հեղինակներ: Խորհրդարանը նաեւ շուրջ երկու տասնյակ օրինագծեր է ընդունել:

Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է թանկացումների մասին՝ բոլորին կոչ անելով փողոց դուրս գալ՝ պայքարելու գնաճի դեմ: Իսկ եթե «Ելք»-ի նախաձեռնած երթի արդյունքում իշխանությունները զիջումների չգնան, Մարուքյանը չի բացառում ավելի զանգվածային բողոքի ակցիաները եւ նույնիսկ նստացույցը:

«Ծառուկյան» դաշինքը, սակայն, «Ելք»-ի նախաձեռնությանը չի միանա: Գագիկ Ծառուկյանն ասում է՝ երկրի նախագահն արդեն հանձնարարել է. խորհրդարանում լսումներ կլինեն, կքննարկեն խնդիրն ու լուծում կգտնեն: Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը կսատարի՞ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին: Գագիկ Ծառուկյանը չի բացառում, բայց դեռ պետք է հասկանան, թե ում թեկնածությունը կառաջադրի իշխող կուսակցությունը:

Ազգային ժողովի նիստերից հաճախակի բացակայությունների հարցը գրեթե հունից հանել է Գագիկ Ծառուկյանից: Նա նախ հայտարարել է, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս ներկա է ստանում ու գնում, հետո առաջարկել է իր «բռնած գործերը գնահատել»: Իսկ հարցը տված լրագրողին մեղադրել է պատվեր կատարելու եւ ապատեղեկատվություն տարածելու մեջ:

Երեւանում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Վաղ առավոտյան Մյասնիկյան պողոտայում «Kia Ceranto» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ջրանցքում: Պատահարի հետեւանքով վարորդը մահացել է, ուղեւորը՝ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել: Վթարի զոհը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: Տուժածը՝ 21-ամյա Ա. Տեր-Գրիգորյանը, ողի կոտրվածք է ստացել: Երիտասարդի ողնուղեղը չի վնասվել, վիրահատության կարիք չկա: Վթարի հանգամանքները պարզվում են: Նախնական տվյալներով՝ վարորդը փորձել է խույս տալ շներին վրաերթի ենթարկելուց, սակայն կորցրել է մեքենայի կառավարումը:

Հենրիխ Մխիթարյանին առաջիկայում, հնարավոր է, տեսնենք Լոնդոնի «Արսենալ»-ում. գործարքը, կարծես, վերջնականապես ուրվագծվում է: Ակումբը պատրաստ է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի հետ: Ըստ տեղեկությունների՝ Սանչեսն արդեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում: Հիմա արդեն բոլորը սպասում են, թե երբ է Մխիթարյանը պայմանավորվելու «Արսենալի» հետ: Մինչ այդ բրիտանական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Արսենալ»-ին առաջարկել է չիլիացի հարձակվողի համար 25 միլիոն ֆունտ վճարել՝ գործարքի մեջ ներառելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին: Իսկ հայ ֆուտբոլիստը դեռ տարիներ առաջ էր հայտարարել, որ «Արսենալ»-ում խաղալն իր վաղեմի երազանքն է:

Դոլարը շարունակում է զիջել դիրքերը, էժանացել են նաեւ եվրոն եւ ֆունտը: Հունվարի 16-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 590, ռուբլունը՝ 8 դրամ 56 լումա, ֆունտինը՝ 664 դրամ:

Հունվարի 17-ին հանրապետության առանձին շրջաններում թույլ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն, գիշերը՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ