News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում` երեկ ասում էր ամիսներ անց իր պաշտոնից հեռացող նախագահը: Սերժ Սարգսյանն անուն չի հնչեցրել` իր սովորության համաձայն, մինչև վերջին պահը պահելով ինտրիգը: Մյուս կողմից` երկրի ղեկավարը երեկ այնպես պատկերավոր է նկարագրել չորրորդ նախագահի թեկնածուին, որ գրեթե ակնհայտ է` խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել:

Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասել է պատգամավորը: Կասկածից վեր է, որ Արմեն Սարգսյանը համարվում է երկրի չորրորդ նախագահի հիմնական հավակնորդը, և Բաղդասարյանը տողատակով հենց դա է ակնարկել: Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ այս լուրը տարածել է «Արմենպրես» պետական գործակալությունը` «Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը» խոսուն վերնագրով: Ինքնին հասկանալի է, որ պետական գործակալությունը չէր կարող նման խոսուն վերնագրով լուր տարածել, եթե նոր նախագահի հարցում չլիներ Սերժ Սարգսյանի վերջնական քաղաքական որոշումը:

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմինն, ըստ ամենայնի, միաձայն կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ կողմից կընտրվի երկրի չորրորդ նախագահ` ընտրությունների հենց առաջին փուլում ստանալով պահանջվող 79 ձայնը:

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե իշխանությունների և թե ընդդիմության համար: Այս իմաստով` Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն` ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ` սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալ ազգային համաձայնության գաղափարի կրող:

Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում` թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ` օգտագործելով իր միջազգային կապերը: Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին:

Արտաքին դրական ֆոնի տակ քաղաքական դատարկությունն է, արժեքային համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ մի քանի ամսից Արմեն Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից` առանց որևէ նշանակալի ձեռնարկի, նախաձեռնության: Պաշտոնապես ներկայացվեց, թե Սարգսյանն արտերկրում բուժման կարիք ունի, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր վարկած, թե իբր Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ:

Ինչևէ, Արմեն Սարգսյանը չփայլեց կամային հատկանիշներով, սակայն քաղաքական համակարգում և հասարակության որոշակի շրջանակներում դարձավ պահանջարկված` թերևս «հալածյալի» կերպարի շնորհիվ: Համենայն դեպս, նրա անվան հետ չի ասոցացվում որևէ գաղափար, իդեա: Իշխանության ճգնաժամերի ժամանակ անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ, թե շուտով Արմեն Սարգսյանը նշանակվելու է վարչապետ, նա եղել է նաև ընդդիմադիր մի քանի ձևաչափերի «երազանքի թեկնածու»:

Սերժ Սարգսյանը փաստորեն իրականություն է դարձնում շատերի «երազանքը»` նախագահի պաշտոնում առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը, թերևս բացառությամբ «Ելքի», միահամուռ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը` այդպես էլ չկարողանալով մոտիվացնել իր ընտրությունը քաղաքական տեսանկյունից:

Արմեն Սարգսյանն, ըստ էության, դառնալու է Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ