Հայաստանի ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ վիրավորվածը պայմանագրային զինծառայող  30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  վիճակը կայուն է: