News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ, ՀՀ անունից ստորագրեց Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան:

Ստորագրմանը դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Հայ հասարակությունում եւ, հատկապես, ընտանիքում կնոջ դերը անհնար է գերագնահատել: Հայաստանը սատարում է կանանց եւ, իհարկե, ընտանեկան բռնության ենթարկված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը եւ ընտանեկան բռնության վերացմանն ուղղված ԵԽ քաղաքականությունը: Համոզված ենք, որ սույն կոնվենցիան կարեւոր գործիք կհանդիսանա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի առավել ամրապնդման համար»:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բատտաինի-Դրագոնին ողջունեց Հայաստանի կողմից առանցքային կարեւորություն ունեցող այս կոնվենցիայի ստորագրումը` ընդգծելով ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների ամրապնդման եւ երաշխավորման հարցում:

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան ստորագրվել է 2011թ. եւ ուժի մեջ մտել 2014թ.: Կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել կանանց բռնության բոլոր դրսեւորումներից եւ կանխարգելել, դատական կարգով հետապնդել եւ վերացնել ընտանեկան բռնությունը, ձեւավորել բռնության բոլոր զոհերի պաշտպանության եւ աջակցության համապարփակ շրջանակ, քաղաքականություն եւ միջոցառումներ, համագործակցության նպատակով աջակցություն տրամադրել կազմակերպություններին եւ իրավապահ մարմիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news