News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին օդաչուն նշանակվել է էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Փոխգնդապետի կոչում ստացած կին օդաչուի պաշտոնի բարձրացումը համընկել է քաղաքական գործիչների, ռաբինների եւ մամուլի մասնակցությամբ երկրի զինված ուժերում գենդերային հավասարության սկզբունքների ներդրման նպատակահարմարության հարցով բանավեճերի հերթական ռաունդի հետ:

Իսրայելում գործող գաղտնիության կանոններին հետեւելով՝ բանակային մամուլի ծառայությունը հրապարակել է նրա ռետուշավորած լուսանկարը եւ նշել ազգանվան միայն Տ. տառը: Հայտնի է, որ ռազմատրանսպորտային ավիացիայում ծառայող կինը 35 տարեկան է, ունի 2 երեխա:

Նրա հետ միասին փոխգնդապետի կոչում եւ ավիակարգավորողի պաշտոն է ստացել եւս մեկ կին, նույնպես Իսրայելի ՌՕՈՒ պատմության մեջ առաջին անգամ:

Իսրայելում կանանց համար ռազմական օդաչուի կարիերան արգելված էր մինչեւ 1994 թվականը, երբ ծագումով Հարավային Աֆրիկայից Էլիս Միլլերը գերագույն դատարանի միջոցով հասավ օդաչուական դասընթացներին մասնակցելու իրավունքին: Նա այն չի կարողացել ավարտել բժշկական ցուցանիշների պատճառով, բայց նրանից հետո այնտեղ ընդունվել է ավելի քան 1,2 հազար կին եւ նրանցից 50-ը ավարտել է, հայտնել է «Հաարեց» պարբերականը՝ վկայակոչելով բանակի տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ