News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի նախագահի պաշտոնի համար առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Նախօրեին  Արմեն Սարգսյանի  թեկնածությանը հավանություն էին տվել ՀՀԿ գործադիր մարմնում:

Արմեն Սարգսյանի կենսագրության ուշագրավ հատվածները

Դիվանագետ, հասարակական գործիչ, բարերար, միջազգային փորձագետ եւ գործարար Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին Երեւանում: Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Անկուսակցական է:

Կրթական գործունեություն

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը:

1976-1984 թվականներին ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի համալիր համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

Դեռեւս խորհրդային տարիներին (1984-1985 եւ 1989-1991 թվականներին) եղել է Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանի մաթեմատիկայի ինստիտուտի հրավիրված հետազոտող եւ դասախոս:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի եւ Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ է, ինչպես նաեւ Համահայկական ակադեմիական եւ գիտական ընկերության պատվավոր անդամ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: 51 գիտական հոդվածի եւ 3 ձեռնարկի հեղինակ է (քաղաքականություն, տեսական ֆիզիկա, աստղաֆիզիկա եւ համակարգչային մոդելավորում թեմաներով):

Դիվանագիտական գործունեություն

1992-1995 թվականներին Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցրել է Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրամիությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնները:

1995-1996 թվականներին ղեկավարել է Հայաստանի առաքելությունը Եվրամիությունում: 

1998-2000 թվականներին նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000 թվականից հանդիսանում է Eurasia House International կազմակերպության հիմնադիրն ու նախագահը: 2001-2013 թվականներին նա British Petroleum, Alcatel, Telefonica, Merrill Lynch եւ այլ տրանսազգային կորպորացիաների ավագ խորհրդատուն էր:

2013 թվականի սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ է դարձել Հայաստանի դեսպանը Միացյալ Թագավորությունում:

Կարճաժամկետ վարչապետություն

1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի հինգերորդ վարչապետը: Այս պաշտոնում աշխատել է ընդամենը չորս ամիս եւ 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է պաշտոնից: Այդ ժամանակ տեղեկություն էր տարածվել, որ իբր Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառ է դարձել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Արմեն Սարգսյանը լքել էր պաշտոնը ծանր հիվանդության բուժման անհրաժեշտության պատճառով:

Երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Արմեն Սարգսյանը փորձել է մեծ ներդրումներ ներգրավել եւ հույսեր էր կապում համաշխարհային հայկական կապիտալի հետ: Ինչպես նշում էր ինքը՝ Սարգսյանը, «Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ գլոբալ ազգ»: Վարչապետը ցանկանում էր Հայաստանը «հոլդինգային երկիր» դարձնել:

«Հոլդինգային երկրի» հայեցակարգի իրականացումն արտահայտվել է, օրինակ, նրանում, որ Հայաստանն ԱՊՀ մյուս երկրներից ավելի վաղ է բացել միջազգային մի քանի բանկերի մասնաճյուղեր (HSBC, Credit Agricole):

Բիզնես գործունեությունը՝ Երեւանի նկատմամբ «սիրով»

Հայաստանում

2000 թվականի սկզբից հայկական մամուլը բազմիցս գրել է Արմեն Սարգսյանի կարողության մասին, որը նա վաստակել է իր ձեռնարկատիրական ունակությունների շնորհիվ:

2008-ի ամռանը Knightsbridge International Telecommunications Holding-ը հայտարարել էր, որ ցանկանում է մասնակցել Հայաստանի բջջային օպերատորի մրցույթին: Դրանից կես տարի առաջ՝ 2008-ի հունվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Alcatel-Lucent ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ Արմեն Սարգսյանին, սակայն երկրորդ բջջային օպերատորը դարձավ ֆրանսիական Orange ընկերությունը:

Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2009 թվականին ստեղծվել է «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամը, որի հոգաբարձուների ցանկում էին Ուելսի արքայազնը, Ռոբերտ Դալին («Բրիթիշ Պետրոլիումի» տնօրենը), լորդ Արա Դարզին, գործարար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Վիմպելկոմի», ԻՏԵՐԱ-ի, AREVA-ի, «Bank of America»-ի անունները եւ այլն:

2013 թվականի մայիսին Արմեն Սարգսյանն ուղեկցում էր արքայազն Չարլզին, վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, որը ժամանել էր որպես «Երեւան՝ իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնի այցը կապում էին բրիտանական Lydian International ընկերության գործունեության լոբբինգի հետ, որի տնօրենների խորհրդի անդամ է Արմեն Սարգսյանը: Այդ ընկերությունը Ամուլսարում ոսկու հանքի մշակման իրավունք էր ստացել իշխանություններից, որը գտնվում է Ջերմուկ քաղաքի մոտ:

Աշխարհում

Արմեն Սարգսյանը  Tetris-Wordtris ընկերության առաջին հիմնադիրներից է, իսկ այդ ընկերությունը զբաղվում է աշխարհահռչակ Թեթրիս խաղի տարբեր տարատեսակների արտադրությամբ եւ վաճառքով։ Նրա անվան հետ են կապում Արեւմուտքի եւ Եվրասիական տարածաշրջանի հարուստ էներգառեսուրսներով երկրների միջեւ մի շարք լայնածավալ համաձայնություններ։

Լրատվամիջոցները բազմիցս գրել են Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի մասնակցությամբ գործարքի մասին, որի շնորհիվ կազմակերպվեց ղազախական գազի մատակարարումը Հայաստան:

Հենց Սարգսյանին էր պատկանում Ղազախստանում «TV Media Holding» ստեղծելու գաղափարը, որտեղ Արմեն Սարգսյանը, ըստ լուրերի, 5 տոկոս բաժնեմաս ունի: 2002 թվականից Արմեն Սարգսյանը Աստանայում ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիրն է, որի կազմկոմիտեի նախագահը Դարիգա Նազարբաեւան է: Հայտնի է նաեւ, որ Դարիգա Նազարբաեւան 2013-ի մայիսին եղել է Հայաստանում «Երեւան՝ իմ սեր» նախաձեռնության շրջանակներում:

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի բիզնես նախագծերի մասշտաբների մասին սուղ տեղեկություններ կան մամուլում: 2013 թվականի օգոստոսին ռուսական «Компания» շաբաթաթերթը Սարգսյանի մասին մի ծավալուն հոդված էր հրապարակել:

Արմեն Սարգսյանը 2000-ականների սկզբին մի քանի ներդրումային ընկերություններ է հիմնել եւ դարձել է դրանց տնօրենների խորհրդի նախագահը: Ընկերությունների անունները կապված են Լոնդոնի տարբեր շրջանների հետ, որտեղ Սարգսյանը հիմնականում ապրել է՝ Knightsbridge Group եւ Highbury Group: Հարցազրույցում նա չի բացահայտել այս կառույցների կապիտալի ծավալները, իսկ միջոցների ծագման մասին նշել է, որ դրանք, ըստ էության, «ընտանեկան ֆոնդեր» են, որոնց մեջ մտնում են ինչպես Սարգսյան ընտանիքի միջոցները, այնպես էլ՝ կողմնակի բաժնետերերինը, որոնք իր ծանոթներն են. «Ես ծանոթությունների մեծ շրջապատ ունեմ»:

Այդ ժամանակ Սարգսյանի բիզնեսի մեջ էր մտնում ամենատարբեր ոլորտների՝ հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, անշարժ գույքի, էներգետիկայի եւ գյուղատնտեսության, 25 դուստր ընկերություն: Խմբի գլխամասային ընկերությունը Knightsbridge Investment Fund-ն էր, որի տնօրենների խորհուրդը կազմված էր միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից, իսկ գրասենյակները եւ ներկայացուցչությունները տեղակայված էին Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիեւում եւ Ալմաթիում:

Knightsbridge Group-ը ներդրումներ է արել ողջ արեւելյան կիսագնդում: Օրինակ, ընկերությունը ձեռնամուխ է եղել արտաքին աշխահից կտրված Թուրքմենստանում լայնաշետ ինտերնետի ստեղծմանը: Վերջապես, ընկերությունը լուրջ շահեր ունի Ռուսաստանում, որտեղ նախկին խորհրդային ֆիզիկոսն ու հայ դիվանագետը ծանոթությունների լայն շրջանակ ունի:

Մասնավորապես, Սարգսյանի ընկերությունների խումբը ռուսական շուկա է մտել Knightsbridge Cybersystems ընկերության միջոցով, որի գլխավոր տնօրենը ԱՐմեն Սարգսյանի որդին է՝ Վարդանը: Վերջինս տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է եւ IT գործարար:

Knightsbridge Cybersystems-ի մասնագիտացման գլխավոր ուղղությունը  «կրիտիկական ենթակառուցվածքների» տեղեկատվական անվտանգությունն է:

Զրոյական եկամուտով դեսպան կամ եկամտի մասին ոչ լիրաժեք հայտարարագիր

ԶԼՄ-ներում հրապարակումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ոչ լիարժեք հայտարարագիր է ներկայացրել:

Դեսպանի պաշտոնին Արմեն Սարգսյանը նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին: Իր կողմից ներկայացված հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու պահին Սարգսյանն ունեցել է 3 առանձնատուն, 2 բնակարան եւ 8 մլն եվրո: Ստացվում է, որ դեսպանն անվճար է աշխատում:

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, դրամական միջոցներից բացի ոչինչ չի հայտարարագրել: Քանի որ դեսպանի հայտարարագիրը կասկածներ է հարուցում առնվազն աշխատավարձի մասով, չի բացառվում, որ նրա կնոջ հայտարարագիրը եւս լիարժեք չէ, գրում են լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...