News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ափսոսում եմ, որ որոշ անվանակարգերում այս տարի չունեցանք մրցանակակիրներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանըԼ:

Նա, մասնավորապես, ասել է.

«Այսօր հաճելի պարտականություն եմ կատարում: Մենք պետական մրցանակներ ենք հանձնում մեր արվեստագետներին ու գիտնականներին, մեր դափնեկիրներին, որոնք նախորդ երկու-երեք տարիների ընթացքում ուշագրավ գործեր են ստեղծել:

Միշտ շեշտում եմ այն հանգամանքը, որ այս մրցանակները առաջին հերթին պետք են հանրությանը: Այսպիսով մենք փորձում ենք ուղենիշներ եւ չափանիշներ առաջարկել մեր հասարակությանը, փորձում ենք նրա ուշադրությունը հրավիրել իսկապես արժանի գործերի վրա:

Սրտանց շնորհավորում եմ մեր դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

Այո՛, այս մրցանակները նաեւ գնահատական են պետության եւ ժողովրդի կողմից: Այդ գնահատականը, կարծում եմ, կարեւոր է ցանկացած մարդու համար, առավել եւս` արվեստագետի եւ գիտնականի, ովքեր տարիներ շարունակ տքնաջան աշխատանքով հաջողություն են արձանագրում:

Մենք հասկանում ենք, որ այս աշխարհում ոչ մի լավ բան հեշտ ու հանգիստ կամ վայրկենապես չի ստեղծվում: Շնորհակալ ենք ձեր նվիրումի եւ մեծ աշխատանքի համար:

Ափսոսում եմ, որ որոշ անվանակարգերում այս տարի չունեցանք մրցանակակիրներ: Հուսով եմ, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կունենանք այնպիսի գործեր, որոնք, անկասկած, արժանի կլինեն պետական մրցանակի: Համենայն դեպս տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի մշակույթի, գիտության եւ կրթության նախարարներին, որպեսզի նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները: Եվ, իհարկե, մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն առաջարկությունները, որ հնչեցին հանձնախմբերի ղեկավարների կողմից:

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Իհարկե, մենք գիտենք, որ առանց արվեստի ու գիտության չկա քաղաքակիրթ ազգ: Գիտենք նաեւ, որ ունենք հին ու հարուստ գրականություն, արվեստ ու գիտություն: Բայց մեզ համար կենսական կարեւոր է այսօրը՝ ներկան՝ այսօրվա հայաստանցին ու նրա գործերը: Նաեւ շատ կարեւոր է Հայաստանում առկա ստեղծագործական մթնոլորտը: Այդ միջավայրն է օգնում կամ խանգարում նոր հաջողված գործերի, ինչու ոչ՝ նոր գլուխգործոցների ի հայտ գալուն: Հետեւաբար ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ դրականորեն ազդելու մեր ընդհանուր միջավայրի վրա:

Կրկին շնորհավորում եմ մեր դափնեկիրներին պետական մրցանակների արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակադրումները կյանքի կոչելու ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ