News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 19-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ոստիկանության ՓՔՎ փորձագետ Ռուդիկ Պողոսյանը:

Փորձագետին հարցաքննելու միջնորդություն էր ներկայացրել  ամբաստանյալներից Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Նշենք, որ Պողոսյանը դատաձգաբանական փորձաքննության էր ենթարկել Թոփչյանի մեքենայում հայտնաբերված ինքնաձիգն ու փամփուշտները եւ տվել եզրակացություն, որ դրանք պիտանի են օգտագործման: Մինչդեռ Հրայր Թոփչյանը դատարանում հայտարարեց, որ դրանք հին զենքեր են, պահել էր՝ որպես հիշատակ

Դատարանում փորձագետն ի պատասխան Գեորգի Մելիքյանի հարցի, նշեց, որ ինքը փորձաքննությունը կատարելիս կիրառել է հետեւյալ մեթոդիկան՝ զննել, համեմատել, փորձագիտական փորձարարություն իրականացնել ու համադրել:

«Առաջին հերթին անզեն աչքով զննվում են, ստուգվում են գործարանային համարները, դետալների առկայությունը, դրանց աշխատանքը, համադրում ենք այնուհետեւ գրականության հետ, հետեւություն անում՝ ինչ տեսակի զենք է, որից հետո փորձագիտական փորձարարություն ենք անում՝ կրակելով զենքից եւ տալով վերջնական եզրակացություն»,- մանրամասնեց Ռուդիկ Պողոսյանը:

Փորձագետը հայտնեց, որ փորձաքննության ժամանակ ինքնաձիգերն ամբողջությամբ չի քանդել, այլ մասնակի, քանի որ իր գնահատմամբ, դա բավարար է եղել հասկանալու համար, թե զենքը նորմալ է աշխատում, թե ոչ:

«Փորձաքննության մեջ նշված էր երեք դետալի մասին դրոշմվածքի մասին: Նշում եք, որ մյուս դետալների վրա դրոշմվածք չի եղել, այդ դեպքում ինչպե՞ս կարող եք անհատակացնել մյուս դետալները»,- Գեորգի Մելիքյանը դիմեց փորձագետին, որն էլ պատասխանեց. «Փակաղակը, փողատուփն են ամենակարեւոր դետալները, առանց որոնց ինքնաձիգը չի կարող կրակել»:

Մելիքյանը մի քանի անգամ հետաքրքրվեց՝ եթե նույնականացման ոչ մի տվյալ եզրակացության մեջ նշված չէ, ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ հետաքննիչի գտած նույն զենքն է ուղարկվել փորձաքննության, ապա հետազոտվել  դատարանում: Փորձագետը, սակայն, առարկեց՝ առկա են լուսանկարներ, մինչդեռ պաշտպանը կրկին հակադարձեց. «Լուսանկարներում ամբողջական ինքնաձիգն է, ոչ թե դրա դետալները: Ինչո՞ւ քանդված վիճակում չեք լուսանկարել»:

Փորձագետը հայտարարեց, որ քանդված վիճակում հնարավոր չէր լուսանկարել:, ավելին, ոչ ոք չի կարող այնպես նկարել, որ անհատականացվեն տվյալները:

Պաշտպանի հարցին՝ ինչու համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, որ բացառվի դետալների փոփոխելիության հնարավորությունը, փորձագետը չհասցրեց պատասխանել. մեղադրող Հակոբ Ենոքյանն առարկեց՝ նշելով, որ փորձագետն արդեն հայտնել է, որ բոլոր հնարավոր անհատականացնող տվյալները նշել է եզրակացության մեջ, դատավորն էլ հարցը հանեց:

Գեորգի Մելիքյանն այնուհետեւ անդրադարձավ փամփուշտներին: Հրայր Թոփչյանը դատարանում հայտարարել էր, որ չի ճանաչում այն ինքնաձիգն ու փամփուշտները, որոնք հետազոտվել են նիստի ընթացքում:

«Եթե մենք 200 հատ փամփուշտ խառնենք իրար, կարո՞ղ եք հանել այն 100 փամփուշտը, որը դուք ուսումնասիրել եք: Իմ պաշտպանյալը չի ճանաչել այն ինքնաձիգն ու փամփուշտները, որոնք իր մոտից էին հայտնաբերվել»,- դիմեց փորձագետին պաշտպանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հարցը հանեց: Մելիքյանը հետաքրքրվեց՝ ինչու է միայն 20 փամփուշտի պիտանելիությունը ստուգվել կրակելու միջոցով: Փորձագետը պատասխանեց, որ մեթոդիկան է այդպես պահանջում: Նշենք, որ Հրայր Թոփչյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ փամփուշտները չէին կարող լինել պիտանի, քանի եռացված էին եղել: Մինչդեռ փորձագետը տվել է եզրակացություն, որ փամփուշտները պիտանի են եղել:

Փորձագետին հարց ուղղեց նաեւ ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը. «Դուք ասում եք՝ ընդամենը երկու դետալ է կարեւոր կրակելու համար, ես երկու տարի ծառայել եմ, եթե զենքի մեջ մի դետալ չաշխատի, օրինակ պրուժինը, զենքը չի կարա կրակի, թե՞ կրակում են Քննչական կոմիտեի զենքերը»:

Փորձագետի պատասխանը, թե ինքն առանց «պրուժինի» էլ է կրակել, բարկացրեց ամբաստանյալին. «Փաստորեն ես ճիշտ էի, որ Քննչական կոմիտեում կարող են առանց պադրոնի մարդ սպանել»:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ՝ 8 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ