News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանը վերջ դրեց ենթադրություններին եւ հայտարարեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի անունը. նա Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում մեր երկրի դեսպան Արմեն Սարգսյանն է: Նշենք, որ ամբողջությամբ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց հետո նախագահի պաշտոնը զուտ ներկայացուցչական է լինելու: Մամուլն արդեն օրեր շարունակ հեղեղված էր հրապարակումներով, որ ՀՀԿ-ի ընտրությունը հենց Արմեն Սարգսյանի թեկնածության վրա է կանգնելու: Օրեր առաջ մտավորականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը պատմել էր, թե ում է պատկերացնում Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում. մեկին, որը տիրապետում է օտար լեզուների, լայն կապեր ունի Հայաստանում եւ Սփյուռքում, հեղինակություն է վայելում, կուսակցական չի եղել եւ քաղաքականացված չէ:

Երկրի նախագահը երեկ Արմեն Սարգսյանի թեկնածությունը ներկայացրել է կուսակիցներին, նրանք էլ քննարկել ու համաձայնության են եկել: Այսօր Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ առաջարկել դառնալ Հայաստանի 4-րդ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածուն:

Արմեն Սարգսյանը շնորհակալ է նման վստահության ու պատվի համար, բայց Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել՝ վերջնական որոշում կայացնելու համար: Իսկ մինչ այդ մտադիր է հանդիպել հայաստանյան խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սփյուռքի կազմակերպությունների հետ: Վստահեցրել է, որ դրանից հետո միայն կկարողանա վերջնական որոշում կայացնել:

Եթե Արմեն Սարգսյանի որոշումը դրական լինի, հենց նա էլ կդառնա Հայաստանի չորրորդ նախագահը: Բանն այն է, որ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 79 ձայն: ՀՀԿ-ի թեկնածուի օգտին կարտահայտվի նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Պատգամավորների թվով երկրորդ՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնպես չի բացառել, որ կսատարեն իշխող կուսակցության թեկնածուին: Փաստորեն միակ խմբակցությունը, որը դեմ կքվեարկի, «Ելք»-ն է. այստեղ նախագահի պաշտոնում տեսնում են իրենց թեկնածուին՝ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին, որին, սակայն, չեն էլ կարողանա առաջադրել, քանի որ բավարար թվով պատգամավորներ չունեն:

Իսկ ի՞նչ է հայտնի Արմեն Սարգսյանի մասին: Նա 65 տարեկան է, տարբեր տարիների դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ երեք անգամ նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Նա կարճ ժամանակ՝ 1996 թվականի նոյեմբերից մինչեւ 1997-ի փետրվար եղել է Հայաստանի վարչապետը: Լուրեր էին պտտվում, որ նրա պաշտոնանկության պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտն է, բայց պաշտոնական հիմնավորում նշվեց արտերկրում բուժում անցնելու անհրաժեշտությունը: Նախկին վարչապետը խոշոր գործարար է, մի շարք բարեգործական նախագծերի եւ նախաձեռնությունների հեղինակ: Ի դեպ՝ նրա անունը կապում են նաեւ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց եւ քննադատության արժանացավ բնապահպանների կողմից: Արմեն Սարգսյանը, ի դեպ, Tetris-Wordtris ընկերության հիմնադիրներից է, որը զբաղվում է աշխարհահռչակ Թեթրիս խաղի արտադրությամբ եւ վաճառքով։ Նրա անվան հետ են կապում նաեւ Արեւմուտքի եւ Եվրասիական տարածաշրջանի հարուստ էներգառեսուրսներով երկրների միջեւ մի շարք լայնածավալ համաձայնություններ։

Հավելենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Առաջին անգամ Հայաստանի նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական ընտրությունների միջոցով, այլ Ազգային ժողովի կողմից: Նոր նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով եւ իրավունք կունենա այդ պաշտոնը զբաղեցնել միայն մեկ անգամ:

«Ելք» դաշինքն այսօր թանկացումների դեմ բողոքի երթ է անցկացրել: Երթուղին կարճ է եղել, սակայն Նիկոլ Փաշինյանն այն տպավորիչ է գնահատել. նրա խոսքով՝ դաշինքի ստեղծման պատմության մեջ սա ամենաբազմամարդ երթն էր: Բողոքի ակցիան անցկացվել է «Ո՛չ թանկացումներին», «Իջեցում» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները խոսել են սոցիալական ծանր դրությունից, ժողովրդի թշվառ վիճակից եւ իշխանություններից պահանջել զսպել գնաճն ու նվազեցնել հարկային դրույքաչափերը:

Երթի մեկնարկին մի խումբ երիտասարդներ կանաչ գույնի «Ջորի» են հրել: Փաշինյանի խոսքով՝ «Ջորին» խորհրդանշում է Հայաստանի տնտեսության վիճակը։ Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով Հյուսիսային պողոտա են հասել: Այստեղ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց երթերն ու բողոքի ակցիաները շարունակական են լինելու։ Հաջորդ երթն անցկացվելու է փետրվարի 5-ին։ Հավելենք, որ հունվարի 23-ին էլ թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ են կայանալու:

Թուրքիայից զինյալներ են անցել Սիրիայի տարածք: Նրանք այսօր 20 ավտոբուսով մտել են «Սիրիական ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածք: Այս մասին տեղեկությունները, սակայն, հակասական են: Թուրքական աղբյուրների համաձայն՝ նրանք անհայտ ազգության զինյալներ են: Այլ աղբյուրներ են հայտնում են, որ զինյալները թուրքական աջակցությունը վայելող զինված խմբավորումների անդամներ են եւ շարժվում են դեպի Սիրիայում քրդերի վերահսկողության ներքո գտնվող Աֆրինի շրջան: Մինչ այդ Անկարան հայտարարել էր, թե գործողություն են սկսելու Սիրիայի քրդերի դեմ եւ հիմա արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: ԱՄՆ-ն Թուրքիային հորդորել էր զերծ մնալ նման գործողություններից եւ կենտրոնանալ միայն ԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ:

Աջակողմյան ղեկով մեքենաների հետ կապված պատմությունն ավելի ու ավելի է խճճվում. պատկան մարմինների ընդունած որոշումները միայն խառնաշփոթ են մտցնում այս հարցում: Երեկ գործադիրը քննարկեց եւ հավանություն տվեց աջ ղեկով մեքենաների ժամանակավոր արգելքի մասին օրինագծին: Սակայն տեքստի՝ կառավարության կայքում հրապարակված տարբերակում հղում կա որոշմանը, որի համաձայն՝ ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումը եւ հաշվառումն արգելվում է: Դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք տեքստում «շահագործում» բառը վրիպակ է եւ դրա փոխարեն պետք է լիներ «ներմուծում»։ Ի դեպ՝ կայքում տեքստերը հրապարակվում են word տարբերակով, ինչն անհնար է դարձնում «սքրինշոթ»-ի հնարավորությունը, իսկ շահագրգիռ գերատեսչությանը թույլ է տալիս հեշտորեն ուղղել սխալը:

Գեղարքունիքի Մադինա համայնքում 10 օրական երեխա է մահացել: Նախնական տվյալներով՝ փոքրիկը ծնվելուց հետո առողջական խնդիրներ չի ունեցել: Մարզի առողջապահության վարչության պետը մահվան մի քանի վարկած է հնարավոր համարում: Մասնագետի խոսքով՝ երեխաների մոտ քնած ժամանակ երբեմն փսխում է առաջանում, եւ նրանք կարող են խեղդվել, եթե մեջքի վրա են պառկած: Երեխան կարող էր նաեւ, այսպես կոչված, մանկական հանկարծամահության համախտանիշի զոհ դառնալ կամ բնածին խնդիր ունենալ, որը բժիշկները չեն նկատել: Փոքրիկի մահվան պատճառը պարզ կլինի փորձաքննությունից հետո, որի արդյունքները հայտնի կլինեն շուրջ մեկ ամիս անց:

Երեւանում դժբախտ պատահար է տեղի ունեցել. առավոտյան Ford մակնիշի մեքենան դպրոցներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի՝ մոր եւ դստեր: Կինը տեղում մահացել է, իսկ 9-ամյա երեխան վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Վրաերթի ենթարկվածները, ի դեպ, փողոցն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել: Քրեական գործ է հարուցվել:

Հունվարի 18-ին դոլարն էժանացել է, իսկ եվրոն՝ կտրուկ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 670 դրամ:

Հունվարի 20-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ