News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 19-ին ստորագրել է օրենք, որով վեց տարով երկարացնում է ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրացիների հեռախոսազրույցների գաղտնալսման ու էլեկտրոնային նամակագրության լրտեսման ծրագրի գործողությունը։ Այս առթիվ նրա հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը 1978-ին ընդունված Օտարերկյա հետախուզությանը հետեւելու օրենքի 702 բաժնի մասին է, որում 2008-ին կատարված փոփոխությունը հատուկ ծառայություններին իրավունք է տվել առանց հատուկ դատարանի թույլտվության՝ գաղտնալսել հեռախոսազանգերը ու ստուգել էլեկտրոնային նամակագրությունը ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող օտարերկրացիների միջեւ, եթե նրանք գործածում են ամերիկյան արբանյակային ալիքներ, կապի հանգույցներ կամ ինտերնետային սերվերներ, այդ թվում՝ խոշոր ընկերությունների պատկանող։ Ընդհանուր առմամբ, հատուկ ծառայությունները իրավունք չունեին առանց թույլտվության նույնատեսակ լրտեսում իրականացնել ամերիկացիների հանդեպ, սակայն ԱՄՆ քաղաքացիները նույնպես կարող էին հայտնվել ծրագրի գործողության տակ ու դառնալ լրտեսման թիրախ, եթե նրանք շփվում էին օտարերկրացիների հետ, որոնք հետախուզության տեսադաշտում էին հայտնվել։

«702 բաժինը թույլ է տալիս հետախուզական համայնքին, գործելով իշխանական երեք ճյուղերի խիստ հսկողության ներքո, կարեւոր տեղեկություններ հավաքել միջազգային ահաբեկիչների մասին ԱՄՆ սահմաններից դուրս»,- ասել է Թրամփը։ «Հետախուզությունը ծայրաստիճան կարեւոր է երկրի անվտանգության ապահովման տեսակետից»,- շեշտել է նախագահը։

Ընդ որում Թրամփը նախկինում քննադատում էր FISA-ն՝ հավաստիացնելով, որ օրենքի դրույթները գործածվել են իր նախընտրական շտաբին լրտեսելու համար։

Կոնգրեսում քննարկումների փուլում օրենքում փոփոխություններ են կատարվել։ Թրամփի հայտարարության մեջ ասվում է, որ հիմա օրենքը «լրացուցիչ պրոցեդուրաներ է նախատեսում ամերիկացիների գաղտնիության պաշտպանությունն ուժեղացնելու համար»։ Մասնավորապես հիմա ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ նույնիսկ անուղղակի գաղտնալսման համար հատուկ դատարանի թույլտվություն է պետք։

Թրամփը նաեւ նշել է, որ կցանկանար մշտական կարգավիճակ տրամադրել 702 բաժնին։ Սակայն նույնիսկ վեց տարով դրա գործողության երկարացումը թույլ կտա ապահովել երկրի բնակիչների անվտանգությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ