News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի նախագիծը պետք է լրամշակվի մասնագետների կողմից: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը` անդրադառնալով` պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագծին, որով սահմանվում են տարկետման իրավունք տալու կարգը:

«Դա լավ է, որ ընդհանուր պրոցես է սկսվել, սակայն ընդհանուր գնահատական կարող ենք տալ, երբ այդ նախագիծը ամբողջական դառնա եւ սկսի գործառնել: Ողջունելի է, որ փոխզիջում է եղել, ուղղակի պետք է այնպիսի լուծում գտնել, որ դրական ազդեցություն ունենա, իսկ դրա համար մեր կարծիքով լավ կլինի, որ կրթության փորձագետներ, համալսարանի ներկայացուցիչներ այդ պրոցեսի մեջ ներգրավվեն եւ այդ փաստաթուղթը ամբողջացնեն:

Փաստաթղթում ներկայացվածը մեր քննարկումների արդյունքն է, իսկ քննարկումներին մի քանի ուսանողներով եւ նախարարության աշխատողներ են եղել: Հիմա մեխանիզմը տրված է, սակայն նշված չի, թե որ չափանիշը մեխանիզմում քանի բալ է լինելու, դա մեծ նշանակություն ունի: Այս մեխանիզմի գաղափարը մենք ենք առաջարկել, սակայն քննարկումների ժամանակ նշել ենք, որ սա պետք է ճկուն լինի եւ ճկունության համար էլ առաջարկեցինք, որ հարցազրույցներ լինի, որպեսզի ուսանողի հետ անմիջական կապ հաստատվի, նրա մոտիվացիան այդ ձեւով ստուգվի»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգողի խոսքով` տարկետման իրավունքի մյուս խնդիրը  հանձնաժողովի հետ է կապված:

«Հանձնաժողովի աշխատանքը թափանցիկ ու էֆեկտիվ դարձնելու համար պետք է նշվի` ոնց է հանձնաժողովն աշխատելու, որոշումների կայացման պրոցեսների վրա ինչ ազդեցություն է ունենալու ու ովքեր են դրա մեջ  ներգրավված լինելու: Մենք կարծում ենք, որ հանձնաժողովը  ռոտացիոն սկզբունք ունենա, անդամները փոխվեն, ինչը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հնարավորություն կտա, նաեւ մտածում ենք, որ քաղհասարակության անդամներ պետք է ներգրավված լինեն»,- ասաց նա` հավելելով, որ ամեն մասնագիտության համար նաեւ չափանիշները պետք է տարբեր լինեն, քանի որ առանձնահատկություններ կան:

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ նախարարության հետ հանդիպումներ նախատեսված չեն, սակայն ուսանողներով հանդիպում եւ քնարկում են առաջարկված փաստաթուղթը:

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում պաշտպանության նախարարությունը արդեն տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները: Հրապարակված նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության եւ կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում էր վերականգնել ուսման տարկետման իրավունքը։ Իշխանության հետ շուրջ մեկ ամիս տեւած բանակցությունները արդյունք չտվեցին եւ նախաձեռնության անդամները վերադարձան պայքարին, սակայն  նորից դադրեցրեցին պայքարը:

Տպել
Ամենաշատ