News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին, Երեւանում: Նա օժտված էր կյանքից անկեղծորեն ուրախանալու հատկությամբ եւ ամենագլխավորը՝ այլոց այս զգացումին հաղորդակից դարձնելով, աշխատանքային օրերին առանց ձեւականությունների տոներ էր կազմակերպում եւ դրանց հրավիրում ցանկացածին, ով դեմ չէր այդ խրախճանքին մասնակցելուն: Նրա ամբողջ կյանքը սիրո յուրահատուկ պատմություն էր, որ աշխարհով մեկ տարածվել է զարմանալի երգերում: Ականավոր հայ կոմպոզիտորի ծննդյան օրը ներկայացնում ենք նրա կյանքից մի քանի հետաքրքիր փաստեր:

Ծննդյան օրը փոխել են Լենինի պատճառով

Առնո Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Ընտանիքի հոր՝ մաթեմատիկայի ուսուցիչ Հարություն Բաբաջանյանի ուրախությանը չափ ու սահման չկար: 3 տարի հետո մահացել է Վլադիմիր Ուլյանովը, եւ երկրում սուգ է հայտարարվել: Այդ ժամանակ հայրը մտածել է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշեւիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխել են հունվարի 22:

Կոմպոզիտորը Երեւանին խելահեղորեն սիրահարված էր

Մի անգամ Երեւանում երաժշտական փորձ են անցկացրել: Անցորդներին են մոտեցել՝ խնդրելով երգել Առնո Բաբաջանյանի «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, որը հնչում էր «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Զարմանալի է, բայց փողոցում չի եղել գեթ մեկը, որը այն սկզբից մինչեւ վերջ չերգեր: Կոմպոզիտորը խելահեղորեն սիրահարված էր իր հայրենի քաղաքին, նա այն աշխարհի լավագույն վայրն էր համարում, նրա հետ կապը երբեք չի կորցրել՝ նույնիսկ հեռու ապրելով:

Բաբաջանյանն ամեն ամառ հայրենիք էր գալիս: Նա սիրում էր կրկնել, որ ապրում է Երեւանում, բայց բնակվում՝ Մոսկվայում: Նա իր մոսկովյան բոլոր ընկերներին եւ գործընկերներին հրավիրում էր հիանալու արեւի եւ քարերի երկրով: Նման յուրաքանչյուր այցելությունը նա կարող էր վիթխարի տոնի վերածել՝ էքսկուրսիաներով եւ հյուրասիրությամբ:

Բաբաջանյանն իր գոյությունն առանց կատակների չէր պատկերացնում: Նրա կատակների մասին լեգենդներ են հյուսել, ըստ որում՝ նա դա անում էր բարցարձակապես առանց չարության նշույլի: Նրա հայրը շատ նման էր Նիկիտա Խրուշչովին: Առնոն դրանից բազմիցս օգտվել է՝ կատակելով իր մոսկովյան ընկերների հետ:

Առնո Բաբաջանյանի աստեղային ժամը

Իհարկե, այդ ժամանակ Առնոյին դասավանդողներից եւ ընկերներից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ նրան հռչակ կբերեն ոչ թե սիմֆոնիաները, այլ երգերը: Երգեր գրելու վաղ փորձերով արդեն Բաբաջանյանը համոզվել է, որ այս ժանրն ամենեւին չի ներում իր հանդեպ մակերեսային վերաբերմունքը: Հակառակը՝ երգ գրող կոմպոզիտորը պետք է ստեղծագործական լիակատար ինքնանվիրումով աշխատի, ինչպես «լուրջ» ձեւերը ստեղծելիս: Առնո Բաբաջանյանն ավելի ուշ ասում էր, որ երգի ժանրում չի ջանում ինչ-որ բացահայտումներ կատարել, հակառակը՝ գրում է մարդկային պարզ զգացումների մասին, գովերգում է սերը, ուրախությունը եւ թախիծը:

Ազգային հարց

Առնո Բաբաջանյանն անչափ նրբանկատ էր նաեւ ազգային պատկանելությանը վերաբերող հարցերում: Նա հետեւում էր հայկական բոլոր ավանդույթներին եւ որդուց պահանջում էր իր մտքերը միայն մայրենի լեզվով շարադրել: Չլսելու դեպքում որդուն կարող էր չափալախել, քանի որ Առնո Բաբաջանյանը դաստիարակության հարցում խիստ էր: Հայերենով շփվելու խնդիրն առանձնապես հրատապ դարձավ, երբ ընտանիքը Մոսկվա տեղափոխվեց: Այս պատճառով որդին ստիպված էր հայերեն խոսքը կրկնապատկված գործածել Հայաստանում ամառային արձակուրդներն անցկացնելիս: Բաբաջանյանն անգամ վիրավորում էր երեւանցի երեխաների ծնողներին, որոնք իր Արայիկի հետ հայերեն չէին շփվում:

Կոմպոզիտորն իր արմատների մասին երբեք չի մոռացել եւ դա թույլ չէր տալիս նաեւ իր մտերիմներին: Երբ Մոսկվայում 4 տարեկան Արայիկին հարցրել են՝ ինչ ազգության է պատկանում, երեխան պատասխանել է, որ հրեա է, քանի որ ոչ մի ազգության մասին պատկերացում չուներ, իսկ մոսկովյան շենքի բնակիչները հիմնականում հրեաներ էին: Դրանից հետո նա ստացավ հոր հերթական չափալախը եւ միայն հետո պարզաբանումը, որ ինքը հայ է:

Կյանք, չնայած ախտորոշմանը

Առնո Բաբաջանյանը 32 տարեկանում հիվանդացել է: Բժիշկները սպիտակարյունություն են ախտորոշել, սակայն ազգականները սկզբում վախենում էին նրան խոստովանել եւ դա թաքցնում էին: Առնո Բաբաջանյանի վրդովմունքն անսահման էր, երբ ճշմարտությունն իմացավ: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության պայծառ դեմքերից մեկին հրավիրել է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջ մոտ: Երբ այս մասին հայտնի է դարձել Բաբաջանյանի մտերիմ ընկերներից Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես օգնությամբ դիմել է Հայաստանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Նա զանգահարել է Մոսկվա եւ խնդրել, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Նրան հայտնել են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու պատասխանել է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոն էլ վճարել: Արդյունքում՝ նշանակված բուժման շնորհիվ Առնո Բաբաջանյանը յուրահատուկ ռեկորդ սահմանեց: Նա այսպիսի ծանր ախտորոշմամբ ապրեց 30 տարի:

Առնո Բաբաջանյանի մուսան

Առնո Բաբաջանյանն իր ապագա կնոջն առաջին անգամ հանդիպել է 1945 թվականին: Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Թերեզա Հովհաննիսյանը նրա համերգից հետո մոտեցել է Առնոյին եւ հիացած ասել, որ Աստվածային էր նվագում: Հենց այս աղջկան էր վիճակված դառնալ մեծ կոմպոզիտորի կյանքում գլխավոր կինը: Այս հանդիպումը նրա կյանքն արմատապես փոխել է. նրան դաշնակահարուհու մեծ ապագա էին կանխորոշել, սակայն Թերեզան որոշեց իրեն նվիել սիրելի Առնոյին: Նա ամուսնուն ուղեկցում էր ամենուր: Իսկ երբ նա հիվանդացել էր, Թերեզան մշտապես հետն էր վերցնում առաջին օգնության ցուցաբերման հավաքածուն: Նույնիսկ երբ նա հիվանդանոցում էր բուժվում, նրան օգնում էր բժիշկներից գաղտնի համերգի կամ հեռուստանկարահանումների գնալ: Անհնար էր մերժել ամբողջ շրջապատի համար նախկին ուրախ Առնոն մնալու եւ կենսուրախ երաժշտություն գրելու նրա ցանկությունը:

Առնո Բաբաջանյանի սիրտը դադարեց բաբախել 1983 թվականի նոյեմբերի 11-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ