News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ Դոնալդ Ջոն Թրամփը երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր անցած մեկ տարում Թրամփի շնորհիվ համաշխարհային քաղաքական լեզուն հարստացել է բազմաթիվ նոր բառերով ու արտահայտություններով:

Նրա առավել ընդգծված արտահայտությունների մեծ մասը, այսպես, թե այնպես, բնութագրում են այս կամ այն ոլորտում Թրամփի քաղաքականությունը:

Fake news՝ «կեղծ նորություններ»

Նախագահության ամբողջ տարվա ընթացքում Դոնալդ Թրամփը պատերազմել է ամերիկյան լրատվամիջոցների լիբերալ հատվածի դեմ, որոնք 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական արշավի եզրափակիչ փուլում հիմնականում սատարել են նրա մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին: Նոր նախագահի հատուկ անբարյացակամությանն են արժանացել CNN հեռուստաընկերությունը եւ New York Times ու Washington Post պարբերականները:

ԱՄՆ նախագահի թվիթներում ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից մեկն էր դարձել fake news-ը, իսկ 2018-ի հունվարին նա սեփական «պարգեւներ» է հանձնել «առավել ստախոս լրատվամիջոցներին»:

Russia

Նախագահության ամբողջ առաջին տարվա ընթացքում Դոնալդ Թրամփին հետապնդել է ռուսական թեման: Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերի քննությունը Կոնգրեսը հանձնարարել է հատուկ դատախազ, ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերին: 2016 թվականի նախընտրական արշավին Ռուսաստանի ենթադրյալ մասնակցությունը, որն իբր Թրամփին օգնել է Սպիտակ տանը հայտնվել, անկասկած, 2017-ին ԱՄՆ-ում գլխավոր քաղաքական թեման էր:

Քննության նպատակն էր պարզել՝ արդյոք համաձայնություն եղե՞լ է Ռուսաստանի ներկայացուցիչների եւ Դոնալդ Թրամփի օգնականներից որեւէ մեկի միջեւ, որը նախագահական մրցարշավի ժամանակ հայտարարել է Մոսկվայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ցանկության մասին: Այս կապակցությամբ ամենամեծ աղմուկը հարուցել է 2016-ին Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հանդիպումը ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ, որն իբր Թրամփին խոստացել է Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին վարկաբեկող որոշ փաստաթղթեր փոխանցել: ԱՄՆ նախագահի որդու պնդմամբ՝ հանդիպումն արարդյունք է ավարտվել, իսկ անձամբ ինքը նրան լուրջ չի ընդունել:

Fire and fury՝ «կրակ եւ զայրույթ»

2017-ի օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Թրամփը հենց սա է խոստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան շարունակի միջուկային փորձարկումները եւ այս երկրի ատոմային ծրագիրը ԱՄՆ-ի համար ռազմական սպառնալիք ներկայացնի: Փհենյանը նույն ոգով է պատասխանել:

Ինչ-որ պահի թվում էր, որ ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան, նրանց հետ միասին ամբողջ աշխարհը կանգնած են պատերազմի շեմին, բացառված չէ՝ նույնիսկ միջուկային: Սակայն հետո ամեն ինչ «ինչ-որ կերպ հարթվեց»:

Անցյալ տարվա ապրիլին Թրամփի «կրակը եւ զայրույթը» ինչ-որ ժամանակ Սիրիայի դեմ էին ուղղված. ԱՄՆ-ն հրթիռային հարված հացրեց Սիրիայի բանակի ռազմաբազայի վրա:

Ի դեպ, լրագրող Մայքլ Վոլֆը հենց այսպես՝ «Կրակ եւ զայրույթ» է վերնագրել 2 շաբաթ առաջ լույս տեսած իր գիրքը: Գրքում Թրամփի վարչակազմը ներկայացված է  քաոսային եւ անօգնական, իսկ ինքը՝ նախագահը, որպես եսասեր դեռահասի հոգեբանությամբ մարդ, համբուրգերի եւ ֆրիի սիրահար շատախոս:

Little Rocket man՝ «հրթիռ-մարդուկ»

Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ կոնֆլիկտի միջանկյալ արդյունք կարելի է համարել երկրի առաջնորդ Կիմ չեն Ընին փակցված մականունը, որը նրան Դոնալդ Թրամփն է տվել (կապված հյուսիսկորեական հրթիռային փորձարկումների հետ). «Փոքրիկ հրթիռաձիգ» (կամ «հրթիռ-մարդ», թարգմանության մեկ այլ տարբերակով): Թրամփի խոսքով՝ «հրթիռաձիգն ինքնասպան առաքելություն է սկսել»:

The Wall՝ «Պատը»

Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն է, որը, նրա խոսքով, կոչված է Միացյալ Նահանգների պաշտպանությանը հարավից ապօրինի միգրանտների եւ այլ bad hombres-ի՝ «վատ տղաների» հոսքից, ինչպես ԱՄՆ նախագահը նրանց բնութագրել է անգլերենի եւ իսպաներենի խառնուրդով: Վերջին տեղեկություններով՝ մոտ 400 կմ երկարությամբ պատի կառուցման համար առաջիկա 10 տարում կծախսվի 18 մլրդ դոլար, ներառյալ արդեն գոյություն ունեցող պատնեշների ամրացումը: Ըստ որում՝ Թրամփը շարունակում է հայտարարել, որ Պատի կառուցման համար պետք է վճարի մեքսիկական կողմը: Հնարավոր է, որ հենց այս պատճառով ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնավարման օրոք այս նախագիծն այնքան էլ առաջ չի գնացել:

Shithole countries՝ «աշխարհի հետույքը»

Աղքատ երկրների նկատմամբ Դոնալդ Թրամփի վերաբերմունքն է բնութագրում նրա եւս մեկ արտահայտություն, որի պատճառով համաշխարհային լրատվամիջոցներն այս տարվա հունվարին բավականին ծանր կացության մեջ էին հայտնվել: Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը, եթե հավատանք մամուլ արտահոսքին, Հաիթին, Սալվադորը, եւ կոնկրետ չանվանված աֆրիկյան երկրները բնութագրել է որպես shithole countries: Բացի ոչ միայն իրենց՝ «հասցեատերերի», այլ նաեւ դիվանագիտական շրջանակների մոտ հարուցած հասկանալի վրդովմունքը, այս բառերը լրացվեցին լեզվական խնդրով՝ ինչպե՞ս ճշգրիտ թարգմանել Թրամփի օգտագործած գռեհիկ բառը: Ինքը նախագահը հերքել է, որ նման բան է ասել. «Ես խիստ եմ արտահայտվել, բայց ոչ նման արտահայտություններով»:

Covfefe

Այսպիսին էր, հավանաբար, ամենահանելուկային բառը, որը գրել են «թվիթեր-նախագահի» մատները: Այն հայտնվել է 2017-ի մայիսի 30-ին հրապարակած թվիթում եւ այսպես է հնչել. «Չնայած մամուլի մշտական բացասական covfefe-ին»:

Ակներեւաբար, խոսքը չավարտված, սխալ պարունակող թվիթի մասին է, որը Թրամփը պատահաբար տեղադրել է: Երկու ժամ հետ թվիթը ջնջվել է, սակայն այդ ընթացքում հասցրել է համացանցային մեմ դառնալ. միլիոնավոր մարդիկ զվարճացել են՝ առաջ քաշելով զավեշտալի տարբերակներ, թե ինչ կարող է նշանակել հանելուկային covfefe-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ