Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական առաջատար լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ 15 կետանոց պահանջների ցանկ է ներկայացրել Աֆրինի գործողության ընթացքում թեմայի հետ կապված լուսաբանումների մասով։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրահանգել է մշտապես շեշտել, որ գործողությունն իրականացվում է երկրի անվտանգության ապահովման համար ընդդեմ ահաբեկչական PKK–ի եւ Իսլամական պետության։
Պնդել է, թե անհրաժեշտ է գրել, որ Թուրքիայի զինված ուժերը շատ կիրթ են վարվում Աֆրինի խաղաղ բնակչության հետ։ «Չանել այնպիսի լուրեր, որոնք կբարձրացնեն PKK/YPG–ի տրամադրությունը։ Աֆրինի հետ կապված օտարեկրյա մամուլի հրապարակումները նույնությամբ չտպել, եթե դրանք ստվերում են Թուրքիան Աֆրինի գործողության ժամանակ։ Աֆրինի հետ կապված լուրերը ձեւակերպել միայն իշխանություններից ստացած տեղեկություններով»,–հրահանգել է Թուրքիայի վարչապետը։
Նշենք, որ հունվարի 20–ից Թուրքիան գործողություն է սկսել սահմանակից Սիրիայի քրդաբնակ Աֆրինում։