Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ Միկելե Նիկոլետտիի նկատմամբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության վերաբերմունքը դրական է: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Նա ոչ միայն հայկական պատվիրակության, այլ առհասարակ, խորհրդարանական վեհաժողովի մյուս պատվիրակների համար նշանավորվում է որպես անաչառ, սկզբունքային անձնավորություն եւ Հայաստանի պատվիրակությունն ակնկալիքներ ունի ոչ թե ազգային շահերի մասով, այլ, առհասարակ, ակնկալում է, որ ընտրված ԵԽԽՎ նախագահը շարունակելու է այն գործելաոճը, որը բնութագրական է եղել իրեն մինչ օրս: Կարծում եմ, որ այսպիսի պաշտոն զբաղեցնող պաշտոնյայի համար այս կամ այն պատվիրակության շահերի սպասարկու լինելը ճիշտ չէ եւ նա պետք է լինի ԵԽԽՎ բոլոր պատվիրակների նախագահը: Այս տեսանկյունից նրա հանդեպ մեր վերաբերմունքը դրական է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին:
Նրա անունը միակն էր մնացել թեկնածուների ցանկում: Նիկոլետտին այդ պաշտոնում կփոխարինի Ստելլա Կիրիակիդեսին: Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի:
Հիշեցնենք, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում կընտրվի նաեւ ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար: