News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական հերթական սադրանքը. հունվարի 20-ին հակառակորդը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ անօդաչու թռչող սարքից ականանետի արկ է կիրառել: Նույն օրը շփման գծի մեկ այլ հատվածում ադրբեջանական զինուժը եւս մեկ հարվածային անօդաչու է գործի դրել, բայց այս դեպքում ականանետի փոխարեն սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ է կիրառել: Արցախում զավեշտ են համարում, որ պարբերաբար 4 մլրդ ռազմական բյուջեի մասին հայտարարող Ադրբեջանն օգտագործում է ռազմատեխնիկական միջոց, որը «դեռ 20-րդ դարում աֆղանական մոջահեդներն էին կիրառում»: Ստեփանակերտը նաեւ կարծում է, որ Բաքուն կրկին ոտնահարում է եռանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները: Հավելենք, որ հակառակորդի գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Նա արդեն հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Նախանշված է նաեւ նրա հանդիպումը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ, իսկ ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին Սերժ Սարգսյանը կհանդիպի վաղը: Մեր երկրի ղեկավարը նաեւ Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին. այստեղ նրա ելույթը նախանշված է հունվարի 24-ին: Սերժ Սարգսյանն այստեղ կհանդիպի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի, ինչպես նաեւ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միքելե Նիկոլետիի հետ:

ՀՅԴ-ն արդեն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Նաեւ պաշտոնական հանդիպում կունենան, իսկ մինչ այդ Աղվան Վարդանյանն այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ դեսպանի թեկնածությունը հետաքրքիր է որակել:

Եթե առաջարկ լինի, «Ելք» խմբակցությունը նույնպես կհանդիպի ՀՀԿ-ի թեկնածուին: Կլսեն նրան, կքննարկեն հուզող հարցերը, բայց խմբակցությունը, ամեն դեպքում, դեմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Այստեղ նախագահի սեփական թեկնածուն ունեն եւ շարունակելու են փորձել անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել Արտակ Զեյնալյանի առաջադրման համար: Ինչ վերաբերում է թանկացումների հետ կապված բողոքի ակցիային. «Ելք»-ի պատգամավորները հիշեցրել են, որ փետրվարի 5-ին նորից են հավաքվելու: Վստահ են, որ ակցիան այս անգամ ավելի բազմամարդ է լինելու: Գեւորգ Գորգիսյանը նաեւ անդրադարձել է Աղվան Վարդանյանի կարծիքին, թե «Ելք» դաշինքին պակասում է ստեղծագործական մտածողությունը: Դաշնակցական պատգամավորը սա ասել էր՝ կապված «Ելք»-ի ցույցի ժամանակ «Ջորի»-ն հրելով Հանրապետության հրապարակ հասցնելուն:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը շաբաթ հայտարարեց Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին: Շտաբի տվյալներով՝ դրան մասնակցել է 72 ինքնաթիռ, 113 թիրախներից 108-ը ոչնչացվել է: Թուրքական զինուժը չբացառեց նաեւ Աֆրին ցամաքային զորքեր մտցնելու հավանականությունը: Հունվարի 22-ին արդեն հարձակում սկսվեց: Թուրքերը հարձակվել են Աազազ քաղաքից. այն գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում եւ թուրք զինվորականների վերահսկողության ներքո է հայտնվել նախորդ՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում: Քրդերը պատասխան գործողությունների են դիմել: Քրդական աղբյուրների համաձայն՝ Աֆրինի շրջանում ընթացող մարտերի մեկ օրվա ընթացքում քրդերին հաջողվել է թուրքական հինգ տանկ խոցել:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Աֆրինի գործողությամբ իրենց անվտանգության խնդիրն են լուծում: Էրդողանը նաեւ վստահեցրել է, որ այդ գործողության հարցով պայմանավորվածություն ունեն Ռուսաստանի հետ: Ի պատասխան՝ Աֆրինի քրդերը Մոսկվային Անկարայի հանցավոր գործընկեր են անվանել: 

Լիոնում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը: Նա 55 տարեկան էր: Վերջին ամիսներին նա Ֆրանսիա էր տեղափոխվել՝ բուժման նպատակով: Հացպանյանի մարմինը կտեղափոխեն Հայաստան. ընտանիքն արդեն զբաղվում է այդ հարցով: Սարգիս Հացպանյանը ծնվել է Թուրքիայում, 1980-ականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման պատճառով Եվրոպա է մեկնել եւ հաստատվել Ֆրանսիայում: 1990 թվականից Հայաստանում էր բնակվում: Նշենք, որ 2008 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո Սարգիս Հացպանյանը կալանավորվել էր:

Ուկրաինայում հայտնաբերել են անցած տարվա նոյեմբերին առեւանգված Հայաստանի քաղաքացիներին: Լուրը Facebook-ում փոխանցել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ հավելելով, սակայն, որ առայժմ որեւէ մանրամասն հայտնել չի կարող: Ըստ տեղեկությունների՝ ամիսների առաջ Ուկրանիայում անհայտ անձինք առեւանգել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն՝ 26-ամյա Արման Մանուկյանին եւ նրանց ազգականին՝ 25-ամյա Սամվելին: Երիտասարդներին կարողացել են գտնել գործարարի կապերի շնորհիվ:

Հունվարի 22-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 669 դրամ:

Հունվարի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ