«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին գայլերը հոշոտել են Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչներին պատկանող անասուններին: Հոշոտել են 2 ընտանիքի պատկանող ձիու քուռակ ու ավանակ: Սա այստեղ գայլերի հարձակման միակ դեպքը չէ:
Համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը «Փաստ»–ին հայտնեց, որ այս տարվա արդեն 7–րդ նման դեպքն է: Նախորդ տարիներին եւս գայլերը բավականին վնասներ են հասցրել գյուղացիներին: Եղանակային բարենպաստ պայմանների հետեւանքով անասունների մեծ մասն այս օրերին արոտավայրերում են գտնվում, եւ հայտնվում գայլերի թիրախում:
«Նկատել ենք, որ գայլերն ահագին ավելացել են, արդեն ոհմակով են շրջում գյուղում: Նախորդ տարիների համեմատ, գյուղացիները նկատել են, որ գայլերն ավելի շատ են սկսել գյուղ մտնել: Պարբերաբար նման դեպքեր լինում են»,– ահազանգեց Դեբեդ համայնքի բնակիչը:
Գայլերի հարձակումից տուժած գյուղացիները որեւէ փոխհատուցում ստանալու խնդրանքով պատկան մարմիններին չեն դիմել: Նախորդ տարիներին էլ գայլերի ու բնական աղետների հետեւանքով գյուղացիները զգալի ֆինանսական կորուստներ են ունեցել, սակայն, փոխհատուցում չի եղել:
«Պատկան կառույցներն ուղղակի տեղյակ են լինում, որ նման դեպք է գրանցվել ու վերջ, դրանով սահմանափակվում են»,– նկատեց ավագանու անդամը:
Դեբեդի բնակիչների խոսքով` պետք է արդյունավետ պայքար մղել գայլերի դեմ, որպեսզի իրենք չկորցնեն ապրուստի միակ միջոցը:
«Համայնքում արդեն քննարկման առարկա է դարձել, թե ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք գայլերի հարձակման դեպքերը նվազեցնել: Միակ արդյունավետ միջոցն այն է, որ պետք է ազատություն տալ որսորդներին, նաեւ խրախուսել, որ դուրս գան որսի եւ գայլերին սպանեն: Գայլերի դեմն անպայման պետք է առնել, հակառակ դեպքում, գյուղացիները կկորցնեն իրենց անասուններին, որը նրանց ապրուստի միակ միջոցն է: Գյուղացիները ոչ մի անգամ կրած վնասի դեմ փոխհատուցում չեն ստացել, նրանք եւս պետք է բողոքեն եւ պահանջատեր լինեն»,– եզրափակեց Աշոտ Ղազարյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում