News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվարի 23-ից 26-ը տեղի կունենա ՀՏՀ-2018-ը, որի հյուրերի առաջ շվեյցարական Դավոս հանգստավայրային շրջանը կրկին իր դռներն է բացում: Միջոցառումը խոստանում է զարմացնել ոչ միայն կարեւոր թեմաներով, այլեւ նոր հյուրերով: Համաժողովին կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Գործարար Շվեյցարիա» պորտալը:

ՀՏՀ-2018. Մասնակիցների թիվը

Համաշխարհային տնտեսական համաժողովն ավանդաբար իր տանիքի ներքո կհավաքի քաղաքական գործիչների, պետությունների առաջնորդների, բազմամիլիոնանոց կորպորացիաների ղեկավարների եւ համաշխարհային հանրության այլ ազդեցիկ ներկայացուցիչների:

Այսօրվա դրությամբ միջոցառմանը ծրագրել են մասնակցել պետական վերնախավի մոտ 350 ներկայացուցիչներ, որոնց թվում՝ ավելի քան 60 նախագահ եւ վարչապետ: Ավելի քան հազար մարդ կներկայացնեն միջազգային կազմակերպություններն ու ընկերությունները: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կմասնակցի 100 երկրից մոտ 3 հազար մարդ:

Համաժողովի թեման է ապագայի փրկությունը

Համաշխարհային տնտեսական 48-րդ համաժողովի գլխավոր ուղերձն է ամբողջ աշխարհի համար պայծառ ապագայի ստեղծումը: Այս տարի համաժողովի հիմնական թեման կլինի «Պառակտված աշխարհում ընդհանուր ապագայի ստեղծումը»: Ավելի քան 400 նստաշրջան կանցկացվի, որոնք նվիրված են ընթացիկ խնդիրների նոր լուծումների որոնումներին եւ աշխարհում կյանքի բարելավմանը:

ՀՏՀ հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կլաուս Շվաբը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է «համագործակցության նոր մոդել մշակել, որը կվերաբերեր ոչ թե մարդկանց նեղ շրջանակի շահերին, այլ ընդհանրապես մարդկության ճակատագրին»:

Միջոցառման մասնակիցները կվերլուծեն սոցիալական եւ տնտեսական ոլորտներում կատարված փոփոխությունները, կքննարկեն գլոբալ կառավարման մեխանզմների կատարելագործման ուղիները, ինչպես նաեւ կանդրադառնան աշխարհաքաղաքական միտումներին:

Օրակարգում է աճի տեմպերի անկման ֆոնին տնտեսական զարգացման կորի, բարձրորակ աշխատուժի արտադրողականության եւ պակասի քննարկումը: Իհարկե, կլինի նաեւ գաղափարների փոխանակում՝ մասնակիցների ցանկը հետաքրքիր բանավեճեր է խոստանում:

Պատվավոր հյուրերը

2018 թվականին Համաշխարհային տնտեսական համաժողովի համանախագահներն են լինելու Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը, ITUC գլխավոր քարտուղար Շարան Բերրոուն, Ժնեւում CERN գլխավոր տնօրեն եւ միջուկային ֆիզիկոս Ֆաբիոլա Ջանոթը, Energie-ի ղեկավար Իզաբելլա Քոշերը, IBM գլխավոր տնօրեն Ջիննի Ռոմեթին, Mann Deshi Mahila Bank-ի ղեկավար Չեթնա Սինհան եւ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը:

1997 թվականից ի վեր առաջին անգամ Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը պատասխանատու է 500 եւ 1000 ռուփի անվանական արժեքով թղթադրամների կտրուկ վերացման համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՏՀ-2018-ին կմասնակցի նոր ամպլուայով՝ եթե 2016-ին նա Ֆրանսիայի շահերը ներկայացնում էր որպես էկոնոմիկայի նախարար, ապա հիմա՝ հունվարի 24-ին ելույթ կունենա որպես պետության ղեկավար:

Գլխավոր ուշադրությունը, սակայն, սեւեռված է մեկ այլ անձի վրա՝ համաժողովին կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որից ելույթ են սպասում պատմական հարկային բարեփոխման մասին: Ի դեպ, նրա այցը հարուցել է աջ արմատականների դժգոհությունը: Հունվարի 23-ին ակտիվիստներն արդեն Ցյուրիխում եւ Բեռնում քաղաքական գործչի դեմ մի շարք ցույցեր են ծրագրել:

Բարձրաստիճան հյուրերի անվտանգության արժեքը

ՀՏՀ-2018-ի մասնակիցների պաշտպանության համար նախատեսվել է ծախսել մետ 9 մլն շվեյցարական ֆրանկ: Համեմատության համար՝ անցյալ տարի ահաբեկչական մեծ սպառնալիքը հաշվի առնելով՝ ՀՏՀ-ին չի բավականացրել ներդրված 8 մլն ֆրանկ բյուջեն:

Այսօր կազմակերպիչները որոշել են կատարելապես զինված լինել: Պետությունների ղեկավարների անվտանգությունը կապահովի Գրաուբյունդեն կանտոնի ոստիկանությունը (մոտ 1000 մարդ), որոնց օգնության կհասնեն Շվեյցարիայի այլ կանտոնների եւ հարեւան Լիխթենշթեյնի ոստիկանության աշխատակիցները:

Ինչպես նախորդ անգամ, բարձրաստիճան անձանց պաշտպանությունը կապահովի նաեւ Շվեյցարիայի բանակը: 2017-ին այս պարտականությունն իրականացրել է 5 հազար զինվոր:

Ընդհանուր առմամբ, ծախսերից ավելի քան 2 մլն ֆրանկը կմարի ինքը ՀՏՀ-ն: Մնացյալ գումարը ավանդաբար կբաժանվի դաշնային կառավարության, Գրաուբյունդեն կանտոնի իշխանությունների եւ Դավոսի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ