News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը:

Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին` ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը: Այդ գործունեությունը, ըստ նախագահի, դրսեւորվում է նաեւ պատգամավորների Հայաստան այցերի ժամանակ երկրի մասին ճիշտ պատկերացումների ձեւավորմամբ եւ համապատասխան տեղեկատվության տարածմամբ, որը թույլ է տալիս Ֆրանսիայում առավել ամբողջական եւ օբյեկտիվ պատկերացում կազմել Հայաստանի մասին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել նաեւ հայ-ֆրանսիական սերտ համագործակցության մասին բազմակողմ հարթակներում` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այդ համատեքստում կարեւորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորման գործին, բացահայտում` Արցախի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա դը Ռյուժին անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրանց հետագա զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ