News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախը հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը: Այս մասին հունվարի 23-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպման ժամանակ իր ելույթուն նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես ասել է.

«Այսօրվա հանդիպումն ինձ համար, իհարկե, առաջին հերթին հանդիպում է իսկական բարեկամների հետ՝ մարդկանց, ում համար բարեկամության խմբի անդամ լինելն ինքնանպատակ չէ, իսկ բարեկամությունը՝ թանկ։ Մարդկանց հետ, ովքեր իսկապես հանձն են առել իրենց ներդրումը բերել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամության ամրապնդմանը, մեր միջպետական օրակարգի համալրմանը, մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման բարձրացմանը։ Եվ այդ պատասխանատու առաքելությունը ձեզ հաջողվում է հիանալի իրականացնել։ Շնորհակալ ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր դուք միշտ մեր կողքին եք եւ կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում եք կարեւոր հարցերում, այդ թվում նաեւ՝ ժողովրդավարության եւ բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում: 

Հանդիպելով թե՛ Հայաստանում եւ թե՛ Ֆրանսիայում, մենք միշտ էլ քննարկելու հարցեր ունենք, քանի որ իսկական բարեկամներին վայել մեր ծավալուն օրակարգը դինամիկ զարգացում է ունենում, միշտ նորացվում է, փոփոխվում է՝ մեր երկրների, տարածաշրջանի եւ գլոբալ զարգացումներին համընթաց:

Ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական բարեկամական ոգուն համահունչ՝ խորհրդարանական համագործակցությունը դրսեւորվում է նաեւ բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Գիտեմ, իհարկե, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այդ վեհաժողովներում ֆրանսիական պատվիրակությունների կազմերը նորացվել են, բայց ես հույս ունեմ, որ այսօրվա պատվիրակությունները կշարունակեն համագործակցությունը մեզ հետ, մշտապես հետամուտ կլինեն այն հարցերին, որ զգայուն են նաեւ Հայաստանի համար: Իհարկե, նաեւ շատ բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդարանի անդամներին: Մենք այնտեղ ներկայացված չենք, բայց շատ շնորհակալ եմ նաեւ այդ պատգամավորներին, ովքեր մշտապես ուշադիր են հայկական հարցերի նկատմամբ: 

2017 թվականն, իսկապես, կարեւոր տարի էր թե՛ Հայաստանի եւ թե՛ Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահ, նոր խորհրդարան։ Ես վստահ եմ, որ այս Ազգային ժողովն էլ կշարունակի մեծ դերակատարում ունենալ Ֆրանսիան ավելի զարգացնելու եւ հզորացնելու գործում: Իհարկե, Հայաստանում եւս կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք դարձան մինչ այդ իրականացված Սահմանադրական բարեփոխումների եւ ընդունված նոր Ընտրական օրենսգրքի յուրահատուկ փորձաքարը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առավել ամրապնդվեցին ժողովրդավարության հիմքերը, ինչի շնորհիվ մենք ապրիլին սահուն անցում կկատարենք կառավարման խորհրդարանական ձեւին։ Անշուշտ, սա բեկումնային որոշում էր, որ մենք կայացրեցինք հիմնվելով մեր քաղաքական դաշտի ավանդույթների եւ մշակութային առանձնահատկությունների վրա՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացումը։ 

2017 թվականին ստորագրվեց նաեւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա մեզ համար առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս՝ հավատարիմ իր ակունքներին, իր դավանանքին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից եւ այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ եւ վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը: Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով: Եվ այս առումով նույնպես ի դեմս ձեզ շատ կարեւոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել:

Եվ այս համատեքստում մեծապես կարեւորում եմ նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը: Եվ հետեւելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը: 
Հարգելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ ձեզ ասել, որ այս տարի մեր մայրաքաղաքում կտիրեն ֆրանկոֆոն ոգին, ֆրանսիական շունչը, կծածանվեն ֆրանսիական խորհրդանիշերը։ Երեւանը հոկտեմբերին կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ «Ապրել միասին»՝ չափազանց կարեւոր այս ուղերձը պիտի մենք բարձրաձայնենք։ Եվ ուրախ կլինենք բոլորիդ տեսնելու այդ միջոցառմանը:

Եվ, իհարկե, ես լիահույս եմ, որ դուք կշարունակեք խորացնել արդյունավետ համագործակցությունը ձեր հայ գործընկերների հետ, կշարունակեք այցելել Հայաստան եւ Արցախ, տեղեկանալ մեր անցուդարձին, կարող եք օբյեկտիվ տեղեկատվություն տարածել՝ ի շահ մեր երկրների, ի նպաստ եվրոպական ժողովրդավարության, մարդասիրության եւ խաղաղության: Ձեր աշխատանքն, իսկապես, շատ կարեւոր է, մեզ համար շատ արժեքավոր:

Ինչպես դուք՝ ֆրանսիացիներդ եք ասում «Ցանկանալ նշանակում է կարողանալ» (Vouloir, c'est pouvoir): Վստահ եմ, որ ցանկության դեպքում հետեւողական, ամենօրյա, ամենժամյա աշխատանքով մենք կարող ենք հասնել ավելիին՝ ի նպաստ մեր երկրների բարօրության եւ ի հարատեւումն մեր ժողովուրդների պատմական բարեկամության։ Եվ ուզում եմ կրկնել պարոն Մարիլոսյանի խոսքերը՝

Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ