News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լեւոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել եւ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի եւ Սերբիայի կրթության եւ գիտության ոլորտների ղեկավարների հետ:

Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարեւորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման համակարգի զարգացման միտումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին եւ միջազգային հաջողված փորձը մեր երկրի համար հետաքրքիր է:

Սերբիայի կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման նախարար Մլադեն Սարկեվիչի եւ Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարար Լիլյա Գրինեւիչին հետ հանդիպման ժամանակ Լեւոն Մկրտչյանը քննարկել է Եվորապական Միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արեւելյան գործընկերության անդամ երկրների համար «Հորիզոն 2020»-ի կողմից սահմանված մրցութային արտոնյալ պայմաններին:

Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու եւ միասնական թիմեր ձեւավորելու ուղղությամբ: Միաժամանակ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային է ինժեներատեխնիկական եւ գիտական ուղղությունների զարգացումը:

Նշենք, որ Կրթության համաշխարհային համաժողովի աշխատանքները մեկնարկել են հունվարի 22-ին եւ կավարտվեն այսօր՝ հունվարի 24-ին: Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի, Համաշխարհային բանկի եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Տպել
Ամենաշատ