Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր՝ հունվարի 24-ին, Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
«Հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով: Վերահաստատեցի աջակցությունը ժողովրդավար քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»: Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում չեզոքության սկզբունքով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահը Երեւանի ժամանակով ժամը 15.00-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի պատգամավորների հարցերին: Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Այսքանով կավարտվի Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա, որը մեկնարկել էր հունվարի 22-ին Փարիզից, որտեղ նա հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: