Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձեւավորված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Մկրտումյանի որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.12.2017թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը եւ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝

Որոշում եմ

1. Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 26-ից», - նշված է որոշման մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոր օրենսդրական կարգավորումներով ստեղծվում է մեկ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ վարչական շրջանների դատարանները լուծարվում են։ Մարչական շրջանների դատարանները դառնալու են պարզապես Երեւանի դատարանի նստավայրեր։

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն էր։