News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի պահանջով Արդարադատության նախարարությունը հանրության քննարկմանն է հանձնել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը որոշ փոփոխություններ է սահմանում կառավարության կազմում, մասնավորապես ներդրվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ըստ այդմ, ապրիլին ձեւավորվելիք նոր կառավարությունն ունենալու է վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ եւ նախարարներ:

Նախարարությունների թվի կամ կազմի փոփոխություն չի լինի եւ դրանք կլինեն այնպես, ինչպես այժմ է՝ 18-ը:

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը.

2) առողջապահության նախարարությունը.

3) արդարադատության նախարարությունը.

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.

5) արտաքին գործերի նախարարությունը.

6) բնապահպանության նախարարությունը.

7) գյուղատնտեսության նախարարությունը.

8) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը.

9) կրթության եւ գիտության նախարարությունը.

10) մշակույթի նախարարությունը.

11) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը.

12) պաշտպանության նախարարությունը.

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը.

14) սփյուռքի նախարարությունը.

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը.

16) տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը.

17) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

18) ֆինանսների նախարարությունը:

Նոր կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը եւ համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:

Կառավարության անդամի նշանակման հարցը մի փոքր բարդացվել է. նախարարի մասին բոլոր փաստաթղթերը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո, վերջինը 3-օրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան: Այստեղ, ՍԴ անդամները պետք է ստուգեն՝ արդյոք ներկայացված թեկնածուն համապատասխանում է այդ պաշտոնին նշանակվելու համար, թե ոչ։ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը: Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից։

Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները, նոր նախագծով, երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։

Կառավարության կազմում փոփոխություններ կատարում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։

Օրինագծով նաեւ սահմանվում են վարչապետի հրաժարականի հիմքերը.

եթե նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:

Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝

1) վարչապետը մահացել է.

2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Իսկ վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Այս օրինագիծը սահմանում է նաեւ վարչապետի իրավասությունները, գործունեության դաշտը։

Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը եւ համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը, հետեւում է Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը, կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաեւ տալիս է հանձնարարականներ, նաեւ իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտը:

Բացի այդ, վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը եւ աշխատողների թվաքանակը։ Առաջին փոխվարչապետը կարող է փոխարինել վարչապետին նրա բացակայության ժամանակ։

Այս օրինագծով եւս կառավարության նիստերը հրավիրվելու են շաբաթական մեկ անգամ եւ այն վարելու է վարչապետը։ Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, ինչպես նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

Նշենք, որ այս օրինագիծը փետրվարի 8-ից հետո կներկայացվի կառավարության դատին, հետո՝ Ազգաին ժողով, որտեղ դեռ կարող են փոփոխություններ կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ