Հայերի կողմից Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրված երկու ընկերությունները ներառվել են Forbes-ի հերթական «Ռուսաստանի անշարժ գույքի թագավորները-2018» վարկանշում:

Ցուցակի երրորդ տեղում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: Ընկերության՝ վարձակալությունից ստացված եկամուտը 2017 թվականին 650 մլն դոլար է կազմել: «Տաշիր»-ը յուրաքանչյուր տարի մոտ 500.000 քառակուսի մետր տարբեր նշանակության տարածքներ է կառուցում: Բացի Take Away եւ Goood's House խանութների ցանցից,  2017 թվականին «Տաշիր»-ը գործարկել է նաև One Way կոշիկի ապրանքանիշը: Մոսկվայում եւ Երեւանում այս ապրանքանիշի 6 մանրածախ խանութ է բացվել:

Վարկանշի 28-րդ տեղում է Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի RD Group-ը: Ռուբեն Վարդանյանի հիմնադրամների հետ համատեղ ընկերությանն է պատկանում մոտ 1 միլիարդ արժողությամբ առեւտրային անշարժ գույքի պորտֆելը, իսկ 2017 թվականին ընկերության՝ վարձակալությունից ստացված եկամուտը 65 միլիոն դոլար է կազմել: