News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Իտալիան ստանձնել է նախագահությունը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ): NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին խոսել է Իտալիայի նախագահության առաջնահերթությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքված նոր համաձայնագրի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշման մասին:

 Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս այս համաձայնագրի ստորագրումը կանրադառնա Իտալիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վրա:

Սկսեմ նրանից, որ Իտալիան միշտ էլ աջակցել է Հայաստանի եւ եվրոպական ուղղության միջեւ առավել սերտ կապերին՝ դրա ամենատարբեր դրսեւորումներում: Հարկ է նաեւ հիշեցնել, որ 2000 թվականի նոյեմբերին ԵԽ-ում Իտալիայի նախագահության ընթացքում Հայաստանը հրավիրվել էր միանալու Խորհրդին՝ 2001 թվականի հունվարին դառնալով կառույցի 42-րդ անդամ երկիրը: Համապատասխանաբար, Իտալիան անկեղծորեն ողջունել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագիրը փոխշահավետ ձեռքբերում է, քանի որ այն նպատակ է հետապնդում միջավայր ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների զարգացման համար, որն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված կլինի, քան նախկինում: Նոր համաձայնագիրը համապատասխանում է Եվրոպական հարեւանության նոր քաղաքականությանը, որն ուղղված է անհատական համաձայնագրերին յուրաքանչյուր երկրի հետ եւ հաշվի է առնում յուրաքանչյուր գործընկերոջ կոնկրետ պայմանները: Իհարկե, համաձայնագրի այդ առավելությունից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանն ու Եվրամիությունը, այլ նաեւ ԵՄ մյուս անդամ պետությունները՝ Հայաստանի հետ իրենց փոխգործակցության համատեքստում: Ես համոզված եմ, որ դա կվերաբերի նաեւ Իտալիային: Մենք նոր գործիք  ունենք, որը նախորդից ավելի լավն է, եւ մենք պետք է ձգտենք ավելի հանգամանորեն օգտագործել դրա բոլոր առավելությունները:

Իտալիան նախագահում է ԵԱՀԿ-ում: Ինչպիսի՞ հեռանկարներ եք Դուք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպիսի՞ գործնական քայլեր կձեռնարկի իտալական նախագահությունը խաղաղ գործընթացի առաջխաղացման համար:

ԵԱՀԽ-ի գոյությունից ի վեր կառույցը պահպանում է շփումներն ու երկխոսությունը՝ որպես կայունության, անվտանգության եւ խաղաղության միջոց: Իտալիան, որը կազմակերպության կանոնավոր բյուջեի հիմնական մասնակիցներից մեկն է՝ ինչպես հաստատությունների, այնպես էլ դրա դաշտային գործողությունների համար, միշտ պահպանել է իր ամուր կողմնակցությունը ԵԱՀԿ-ի նպատակներին եւ գործունեությանը: Հետեւաբար, մեր ներկայիս նախագահությունը կհետեւի այս ավանդույթին: Ինչպես դուք գիտեք, իտալական նախագահության առաջնահերթություններից մեկը նաեւ ԵԱՀԿ-ի դերն է «ձգձգված հակամարտություններում», որոնք, ցավոք, շարունակում են իրենցից լուրջ մարտահրավերներ ներկայացնել եվրոպական տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա որոշման պատասխանատվությունը չի կարող դրսից լինել, քանի որ խաղաղությունը, այնուամենայնիվ, կախված է շահագրգիռ կողմերից: Այս առումով թույլ տվեք հիշեցնել, որ մեր նախագահությունը հավատարիմ է «Երկխոսություն, սեփականության իրավունք, պատասխանատվություն» կարգախոսին: Այսպիսով, բոլոր կողմերը պետք է համոզված լինեն, որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կլուծի խնդիրը, եւ ամբողջ տարածաշրջանը կայունության, առաջընթացի եւ բարգավաճման առումով կշահի այդպիսի արդյունքից: Իհարկե, այս որոշման առաջխաղացման գործընթացը բավականին ձգձգվել է, ինչի կապակցությամբ ես կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ այն սկզբունքներին եւ տարրերին, որոնց վրա հիմնված են նրանց համբերատար եւ կառուցողական գործունեությունը: Ավելացնեմ, որ Իտալիան մտադիր է վերակենդանացնել ԵԱՀԿ-ի ոգին: Սա այն ոգին է, որը հաստատել է շփման եւ երկխոսության կարեւորությունը դեռ 1975 թվականին, երբ աշխարհը խորապես պառակտված էր, իսկ որոշ թեժ կետեր վտանգում էին խաղաղությունն ամբողջ աշխարհում: Իտալիայի արտաքին գործերի նախարար Ալֆանոն վերջերս մեջբերել էր մեր նախկին վարչապետ Ալդո Մորոյի խոսքերը, որը հելսինկյան ոգին բնութագրել էր որպես «ապագա տեղափոխվելու կետեր»: Իրոք, այլընտրանք չկա: Իտալիայի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի գործողությունները կարտացոլեն այս ոգին:

Անցյալ տարի Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Shaula International իտալական խորհրդատվական ընկերության միջեւ հուշագիր ստորագրվեց՝ իտալացի ներդրողներին Հայաստան ներգրավելու համար: Հասել են արդյո՞ք կողմերը շոշափելի արդյունքների: Կարո՞ղ եք նշել այն ոլորտները, որոնցում ենթադրաբար ներգրավված կլինեն իտալական ներդրողները Հայաստանում:

2017 թվականին տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների առումով մենք մի քանի դրական արդյունք ենք ունեցել: Ինչպես Դուք արդարացիորեն նշեցիք, Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Shaula International իտալական կազմակերպության միջեւ հուշագիր է ստորագրվել, որի արդյունքում հետագայում կապեր են հաստատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տուրիզմը եւ տրանսպորտը՝ ընդհուպ մինչեւ մշակույթ եւ գյուղատնտեսություն: Սակայն ես կցանկանայի ընդգծել տնտեսական համագործակցության հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի կապակցությամբ Հռոմում կայացած Հայաստանի ներկայացումը: Մենք ականատես եղանք երկու երկրների ընկերությունների լավ մասնակցությանը, եւ ես կարող եմ հաստատել, որ այդ միջոցառման ավարտից հետո ամրապնդվել են նաեւ գործարար կապերը: Նաեւ հուշագիր է ստորագրվել Հայաստանի Զարգացման հիմնադրամի եւ Իտալիայի առեւտրային գործակալության միջեւ: Դա եւս շատ կարեւոր իրադարձություն է, հատկապես, երբ գործակալությունը վերջերս հաստատեց, որ հատուկ ուշադրություն կդարձնի Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորություններին. հնարավորություններ, որոնք կապված են նաեւ Եվրասիական միությունում մասնակցության հետ:

Ի՞նչ ապրանքներ է Իտալիան հիմնականում արտահանում Հայաստան: Աճե՞լ են արդյոք ապրանքաշրջանառության ծավալները:

Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը միշտ լավ մակարդակի վրա է եղել. 2016 թվականին Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության երկրորդ առեւտրային գործընկերն էր: 2017 թվականին մենք ականատես եղանք երկկողմ առեւտրի աճին: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ աճ էր գրանցվել ինչպես Իտալիայից ներմուծման, այնպես էլ Իտալիա արտահանման ոլորտներում, ինչը, անշուշտ, խոսում է  դրական միտումների մասին: Վերջին շրջանում նաեւ Իտալիայից Հայաստան արտահանման դիվերսիֆիկացման աճ է նկատվում: Բացի հագուստից, կահույքից, սննդից եւ ավտոմեքենաներից, մենք կարող ենք նաեւ դեղորայք կամ կենցաղային տեխնիկա տեսնել: 2017 թվականին Հայաստանը Իտալիա է արտահանել հիմնականում հագուստի տարբեր պարագաներ, ալյումինե փայլաթուղթ եւ կաշվե իրեր: Դիվերսիֆիկացումը կարեւոր է նաեւ այն առումով, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ հատվածներ ձգտում են մոդեռնիզացվել եւ դուրս գալ միջազգային մրցակցության դեմ պայքարի: Իտալական տնտեսությունը շատ բազմազան է, եւ այդ իսկ պատճառով մենք կարող ենք լավ գործընկեր լինել Հայաստանի համար բոլոր ոլորտներում` հաշվի առնելով նաեւ մեր ժողովուրդների միջեւ հաղորդակցության եւ փոխգործակցության հեշտությունը:

Իտալական մշակույթն ու խոհանոցը հայերի շրջանում մեծ սեր են վայելում: Կա՞ն արյոք ինչ-որ հետաքրքիր իրադարձություններ, որոնք դեսպանատունը նախատեսում է անցկացնել այս տարի:

Իտալական մշակույթին եւ խոհանոցին կարելի է լավ հետեւել միայն այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որը եւս պահպանում է իր մշակույթն ու խոհանոցը: Այդ իսկ պատճառով, ի լրումն անհատական մշակութային միջոցառումների, որոնք դեսպանատունը ձգտում է իրականացնել՝ հատկապես երաժշտության ոլորտում, մենք նաեւ ամենամյա իտալական կինոփառատոն ենք անցկացնում, իսկ 2016 թվականից՝ նաեւ «Իտալական խոհանոցի շաբաթ»: Կինեմատոգրաֆի զարգացման նախաձեռնությունը փորձել է պոկվել ավանդական իտալական կլասիկայից, որին հայկական հանրությունն արդեն իսկ լավ ծանոթ է, եւ առաջարկել ժամանակակից իտալական կինոարտադրության եւ ժամանակակից իտալական հասարակության փայլատակումները: Օրինակ, 2015 թվականին մենք կանանց մասին ֆիլմեր ենք առաջարկել: Մենք ծրագիր ենք նախատեսում ընթացիկ տարվա համար, սակայն, անշուշտ, կփորձենք ինչ-որ բան առաջարկել կինոյից լավ հասկացող մեր հայ ընկերներին, որը նրանց կարող է հետաքրքրել: Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա անցյալ տարվա նոյեմբերին կայացած «Իտալական խոհանոցի շաբաթվա» ընթացքում մասնակցում էին տասը հայկական ռեստորան Երեւանում եւ մեկ ռեստորան Գյումրիում: Հոյակապ եւ նորարարական ճաշացանկ էր առաջարկվել՝ բավականին մատչելի գներով: Յուրաքանչյուր ճաշացանկում նաեւ շատ լավ իտալական գինիներ էին ներառված: Ես շնորհակալություն եմ հայտնում այդ ռեստորաններին, որ նրանք մեծ ջանքեր գործադրեցին նախաձեռնությանն աջակցելու եւ եզակի արդյունքների հասնելու համար: Թեպետ մինչեւ նոյեմբեր դեռ շատ ժամանակ կա, սակայն խնդրում եմ՝ գրանցեք «Իտալական խոհանոցի շաբաթը» ձեր ծրագրերում. իսկապես արժե:

 
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեսականորեն Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համար քվեարկությունը կարող է չեղարկվել. եվրահանձնակատար
«Տեսականորեն... Դա կախված է հենց անգլիացիներից, որոնք որոշում են կայացրել դուրս գալ (ԵՄ-ից)...
Հունաստանի համար բարեփոխումների շարունակումը պետք է առաջնահերթություն լինի. Եվրահանձնաժողով
Հունաստանում ճգնաժամն այդքան երկարատեւ էր դրա խորության նախնական սխալ գնահատման պատճառով…
Թուրքիան հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ սկսել են կարգավորվել...
Անգելա Մերկելը եվրոպական երկրներին համախմբման կոչ է արել
«ԵՄ երկրները կարող են մարտահրավերներին միայն համատեղ պատասխանել», - ասել է կանցլերը...
Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է. Նիկոլ Փաշինյան
ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է…
ԱՀԿ-ն չի աջակցել Ռուսաստանին ԵՄ-ի հետ վեճում
Եվրամիության դեմ Ռուսաստանի վեճի վերաբերյալ զեկույցը պատրաստել է ԱՀԿ-ի Միջնորդական խումբը...
Partner news